Շվեյցարիայի էկումենիկ խորհրդի և Քրիստոնեական եկեղեցիների համայնքի նախաձեռնությամբ Լոզան քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով:
Շվեյցարիայի էկումենիկ խորհրուրդը և Քրիստոնեական եկեղեցիների համայնքն անցկացրել են Ցեղասպանության թեմայով համաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` միջոցառմանը ներկա էին շվեյցարացի խորհրդարանականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հարյուրավոր շվեյցարացիներ։
Համաժողովի շրջանակներում կազմակերպվել է Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հետևողական բնաջնջմանը վերաբերող դասախոսությունների շարք և կլոր սեղան՝ շվեյցարացի, ֆրանսիացի, հայ, թուրք և արաբ պատմաբանների մասնակցությամբ, Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև հայկական «Լույս» վոկալ կվինտետի համերգը։
Համաժողովը եզրափակվել է հունիսի 7-ին՝ Լոզանի մայր տաճարում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեծ էկումենիկ ոգեկոչմամբ: Ելույթներով հանդես են եկել Շվեյցարիայում ՀՀ փոխդեսպանը, Հայ Առաքելական և Ավետարանչական եկեղեցիների, Շվեյցարիայի էկումենիկ խորհրդի և Քրիստոնեական եկեղեցիների համայնքի, Կաթոլիկ և Կալվինիստական եկեղեցիների, Արամեական, Ասորական և Հույն Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները։