Լիոնի Սուրբ Հակոբ եկեղեցում կայացել է Գրիգոր Նարեկացուն նվիրված դասախոսություն, որին մասնակցել են ոչ միայն տեղացի հայերը, այլեւ բազմաթիվ օտարազգիներ:
Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ Նարեկացին ներկայացվել է ֆրանսիացիներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սա նմանատաիպ 4-րդ դասախոսությունն է, որի միջոցով ֆրանսիացիներին ներկայացվում է հայ հոգեւոր արժեքները, միջնադարյան գրականությունն ու արվեստը: Դասախոսությունները կարդացել է Զավեն Եկավյանը:
Զավեն Եկավյանի խոսքով՝ դասախոսությունների նպատակն է, որպեսզի ոչ միայն ֆրանսահայերի 5-րդ սերունդը, այլեւ ֆրանսիացիները ճանաչեն հայկական եկեղեցին, այն հարուստ մշակութային եւ հոգեւոր արժեքները, որ փոխանցվել են դարեդար:
«Դասախոսությանը ներկա էի բազմաթիվ ֆրանսիացիներ, փորձագետներ, ովքեր հետաքրքրությամբ էին լսում Նարեկացու մասին: Նարեկացու նկատմամբ աշխարհի հետաքրքրությունը առավել մեծացել է հատկապես, երբ Կաթոլիկ եկեղեցին հայ սրբին հռչակեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ»,- ասաց Եկավյանը` հավելելով, որ նմանատիպ դասախոսությունները շարունակական են լինելու:
Եկավյանը շեշտում է, որ դասախոսությունների անցկացման առումով շատ կարեւոր է նաեւ վայրի ընտրությունը, քանի որ Լիոնը ֆրանսիական այն քաղաքն է, որտեղ առաջին անգամ տպագրվել է Նարեկացին ֆրանսերենով:
«60 տարի առաջ Հայր Իսահակ Քեշիշյանի նախաձեռնությամբ Լիոնում առաջին անգամ ֆրանսերենով տպագրվեց Նարեկացու Մատյան ողբերգությունը: Հետեւաբար լավ զուգադիպություն է ոգեկոչելու թե Նարեկին, թե Քեշիշյան վարդապետին, թե Լիոն քաղաքին, որ ֆրանսախոս աշխարհի համար բացահայտեց Նարեկացուն»,- ասաց Զավեն Եկավյանը:
Նա շեշտում է, որ հատկապես ապրիլին Վատիկանում տեղի ունեցած պատարագից հետո հետաքրքրությունը շատ է մեծացել Նարեկացու հանդեպ, սակայն ցավալին այն է, որ սփյուռքում դեռեւս չեն կարողանում լիարժեք կերպով ներկայացնել Նարեկացուն, հոգեւորականները նույնպես խորամուխ չեն եղել լավագույն կերպով սրբին ներկայացնելու համար: «Այս առումով դեռ շատ գործ ունենք անելու, քանի որ հատկապես սփյուռքում մեզ հայ պահողը մեր կրոնն է, մեր հայ լինելու միակ փաստաթուղթը մկրտության վկայականն է, հետեւաբար, առաջին հերթին մեր կրոնով եւ հոգեւոր արժեքներով պետք է ներկայանանք աշխարհին»,- ասաց Եկավյանը:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ: