Քաշաթաղի շրջանի հարավային թևում հացահատիկի բերքահավաքը մեկնարկել է դեռևս ընթացիկ տարվա մայիսի 31-ից:
Քաշաթաղում հացահատիկի բերքահավաքի աշխատանքները մոտենում են ավարտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի հաղորդմամբ, Իշխանաձոր գյուղում մայիսի կեսերից գործում է հակահրդեհային օպերատիվ շտաբը` շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ղեկավարությամբ:
Տեղակայված են նաև հրշեջ հենակետեր, որտեղ հերթապահում են Քաշաթաղի շրջանի և ՀՀ Սյունիքի ու Արարատի մարզերի հրշեջ-ջոկատները և կամավորականներ: Հունիսի 29-ի դրությամբ ընդհանուր առմամբ, կատարվել է 7200 հեկտար հունձ, որից ցորեն` 1838 հա` հեկտարից 27,1 ցենտներ բերքատվությամբ, ստացվել է 4990 տոննա բերք: Գարու` 5342 հա ցանքատարածքի հնձից ստացվել է 15265 տոննա բերք` 28,5ց/հա բերքատվությամբ: Հաճարի 20 հա ցանքատարածքից ստացվել է 40տ բերք, իսկ բերքատվությունը կազմել է 20ց/հա-ից: Բացի այդ, Քաշաթաղի հարավային թևում հնձման ենթակա է ևս 5559 հա հացահատիկի ցանքատարածություն:
Հնձի աշխատանքներում ներգրավված են 42 կոմբայն:
Շրջանի գյուղոլորտի պատասխանատուների խոսքով, հացահատիկի բերքահավաքը հարավային թևում կավարտվի մոտ 10-15 օրից: