Լիբանանի հանրահայտ մշակութային իրադարձություններից մեկին` Բեյթեդին արվեստի փառատոնին հայ արվեստագետները հանդես կգան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով:
Բեյթեդին արվեստի փառատոնին հայ երաժիշտները Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ կտան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի հետ օգոստոսի 8-ին ելույթ կունենա Beiteddine Art Festival-ի շրջանակում: Երեկոյի ընթացքում որպես դիրիժոր հանդես կգա ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Մաեստրո Թոփչյանի հաղորդմամբ՝ Լիբանանի մայրաքաղաքում անցկացվող իրադարձությունն ամենամեծ արվեստի փառատոններից է:
«Հրավիրված ենք նրանց կողմից: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի Սպարտակ սյուիտը, Բրամսի Ջութակի կոնցերտը և Մոցարտի Ռեքվիեմը: Լիբանանում մեզ հետ ելույթ կունենա մեր մեծ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Քանի որ համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նրա հետ որպես բիս ուզում ենք կատարել Կոմիտասի «Կռունկ»-ը, որը վերջերս Ռուբեն Ալթունյանը մշակել է ջութակի և նվագախմբի համար: Շատ հայտնի մարդիկ արդեն նվագել են դա, այդ թվում` Մաքսիմ Վենգերովը: Հիմա մենք էլ պետք է կատարենք: Երկրորդ բաժնում էլ որպես նվեր երկու հատված կկատարենք Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմից»,-նշել է Էդուարդ Թոփչյանը:
Այժմ Ֆիլհարմոնիկը և երգչախմբերն ակտիվորեն պատրաստվում են կարևորագույն ելույթին:
«Շատ լավ եմ գնահատում փորձերը, շատ լավ աշխատում ենք: Վստահ եմ` շատ լավ կնվագենք»,-հավելել է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը:
Որպես մենակատարներ համերգային երեկոյի ընթացքում հանդես կգան նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն):