Արգենտինայում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն եւ հետեւանքների վերացում» խորագիրը կրող գիտաժողով, որին մասնակցել են Արգենտինայում հայտնի պատմաբաններ, իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, դատավորներ եւ լրագրողներ:
Արգենտինահայերի շնորհիվ Հայոց ցեղասպանությունը դարձել է նաեւ Արգենտինայի խնդիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ PrensaArmenia.com.ar-ի փոխանցմամբ` Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանում հայտնի դատավոր Ռաուլ Զաֆֆարոնին, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, շեշտել է, որ Ցեղասպանությունը վեր է բոլոր օրենքներից եւ այն պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: «Անհնար է, որ թույլ տրվի հանցագործին փախչել արդարադատությունից: Դատապարտումը միակ տարբերակն է` վերականգնելու արդարությունն ու կանխարգելելու ցեղասպանությունների կրկնումը»,- ասել է Զաֆֆարոնին:
Փիլիսոփա Խոսե Պաբլո Ֆեյնմանն էլ շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար հայերի պայքարը չի պարունակում ցավ եւ տառապանք: «Նրանք ցանկանում են արդարություն: Արդարություն եւ հանցագործներին պատիժ»,- ասել է փիլիսոփան` հավելելով, որ արգենտինահայերի շնորհիվ Հայոց ցեղասպանության հարցը դարձել է նաեւ Արգենտինայի խնդիրը: