Այսօր, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի դահլիճում կայացելէ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ, քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Բաբայանի «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» գրքի շնորհանդեսը:
Լույս է տեսել Դավիթ Բաբայանի «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» գիրքը. լուսանկարներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացման խոսքով հանդես եկավ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ Դավիթ Բաբայանի գիրքը հարուստ է ինքնատիպ ձևակերպումներով հայեցակարգային մոտեցումերով ու եզրակացություններով: Վ. Հակոբյանը կարևորեց այն գիտական նորույթը, որը բերում է Դ. Բաբայանի ուսումնասիրությունը:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նկատեց, որ իր գրքով Դ. Բաբայանը ճիշտ ժամանակին ու թիրախին է հարվածել, քանի որ նման աշխատությունների շնորհիվ է առաջ մղվում պատմական ճշմարտությունը: Պարգև Սրբազանի խոսքով, բացի այդ, կարևոր են նաև գրքի գաղափարական ու հոգևոր առանձնահատկությունները:
«Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» գիրքը արժանի պատասխան է ընդդեմ թուրք-ադրբեջանական շինծու փաստարկներին ու կեղծարարության:
Այդ մասին նշեց Արցախի հերոս, գրող հրապարակախոս Զորի Բալայանն իր խոսքում: Զ. Բալայանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում փաստացիորեն ընդունված «Հայկական լեռնաշխարհ» տեղանունը ոչ միշտ է արժանվույնս կիրառում գտնում հայկական տեղեկատվական-քարոզչական բնագավառներում: Այդ առումով , ըստ Զ. Բալայանի մեծ է Դ. Բաբայանի գրքի նշանակությունը, որը նոր հեռանկարներ է հանդիսանում թուրքական նկրտումներին գիտական ճշմարիտ փաստարկներով պատասխանելու առումով:
Այնուհետև գրքի առանձնահատկությունների և մյուս արժանիքների վերաբերյալ ելոիյթներով հանդես են եկել շնորհանդեսին ներկա գրողներ, գրականագետներ ու պատմաբաններ:
Իր խոսքում շնորհակալություն հայտնելով «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» գրքի վերաբերյալ հնչած մտքերի ու կարծիքների համար, հեղինակ Դ. Բաբայանը նշեց, որ այդ ամենը պարտավորեցնում է շարունակել սկսած գործը:
«Հայ ժողովուրդը մեծ ներուժ ունի, և Հայոց աշխարհում աստվածային ներկայությանը հավատալով կարելի է բացատրել հայոց կենսունակությունն ու այն հանգամանքը, որ թեկուզ դժվարին պայմաններում, մեր ժողովուրդը կարողանումէ ոչ միայն գոյատևել, այլև բարգավաճել ու առաջ ընթանալ»,- համոզմունք հայտնեց Դ. Բաբայանը:
Շնորհանդեսի վերջում, Արցախի գրական կառույցի ղեկավար Վ. Հակոբյանը հայտնելով, որ ԱԳՄ վարչությունը որոշել է Դ. Բաբայանին ընդունել գրողների միության անդամ՝ հանդիսավոր կերպով նրան է հանձնել միության անդամատոմսը:
Նշենք, որ «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» ուսումնասիրության մեջ դիտարկվում է հայկական լեռնաշխարհի ծիսական և քաղաքակրթական դերը բազմաթիվ ժողովուրդների և կրոնների համար: Ներկայացվում են դիցաբանական կրոնական և պատմական դրվագներ ու փաստեր՝ կապված լեռնաշխարհի հետ, որոնք իրենց արտացոլումն են գտել համաշխարհային կրոններում և գիտական ուսումնասիրություներում: Գրքում եզրակացություն է արվում այդ ամենում հայկական լեռնաշխարհի գաղափարական և գործնական նշանակության մասին :