Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 7 կետով ամփոփել է Ադրբեջանում մարդու իրավունքների, կոռուպցիոն և այլ մտահոգիչ իրավիճակները:
7 փաստ Ադրբեջանի մասին, որ դուք չգիտեք. Freedom House-ը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, կոռուպցիայի և այլնի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «7 փաստ Ադրբեջանի մասին, որ դուք չգիտեիք». այսպես է Freedom House-ը վերնագրել իր ամփոփումը: Ըստ այդմ.
1. Եվրասիական երկրների շարքում Ադրբեջանում գրանցվել է ժողովրդավարական կառավարման ամենամեծ անկումներից մեկը վերջին տասնամյակի կտրվածքով:
2. Ադրբեջանը նաև խոշոր անկում է գրանցել մամուլի ազատության հարցում` Freedom House-ի «Մամուլի ազատության» վարկանիշային աղյուսակում 100 բալանոց գնահատման համակարգով 73-րդ տեղից հասնելով 87-րդին` վերջին տասնամյակում: Մամուլի ազատության ցուցանիշով Ադրբեջանը այժմ 185-րդն է աշխարհի 195 երկրների շարքում:
3. Ադրբեջանն աշխարհի այն երկրների թվում է, որոնք ունեն ամենամեծ թվով քաղբանտարկյալները` մեկ շնչի հաշվով: 9,4 մլն բնակչությամբ Ադրբեջանը մոտ 80 քաղբանտարկյալ ունի:
4. Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպության համապատասխան վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը 175 երկրների շարքում 126-րդ է` իր կոռուպցիոն ցուցանիշներով:
5. Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե մտերիմ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ, սակայն թիրախ են դարձնում ամերիկյան հ/կ-ներն ու մեդիածառայությունները` ռեյդեր անելով, փակելով, ֆինանսական քայլեր ձեռնարկելով դրանց տեղական գրասենյակների դեմ:
6. Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը երկիրը կառավարում է 12 տարի, նա այդ պաշտոնում հաջորդել է հորը՝ 2003-ին: 2013-ին նա «վերընտրվել էր» խայտառակ ընտրություններում` հավաքելով ձայների ավելի քան 84 տոկոսը:
7. Հունիսին Ադրբեջանն ընդունել էր «Եվրոպական խաղերը», սակայն հրաժարվել էր վիզաներ տրամադրել բրիտանական The Guardian թերթի, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին, ի թիվս այլոց: