Ադրբեջանում դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանքի ժամկետը։
Ադրբեջանում երկարաձգվել է լրագրող Միրկադիրովի կալանքի ժամկետը
contact.az-ի փոխանցմամբ՝ որպես Միրկադիրովի կալանքի ժամկետը երկարաձգելու պատճառ՝ դատախազությունը նշել է այն հանգամանքը, որ լրագրողի բնակության վայրը հայտնի չէ, և նա կարող է թաքնվել քննությունից։
Նրա պաշտպանները հերքել են այդ տեղեկությունները՝ հաղորդելով, որ քննիչներին ներկայացրել են նոտարի կողմից հաստատված փաստաթղթեր՝ Միրկադիրովի բնակության վայրի վերաբերյալ։ Փաստաբանները պահանջել են ներկայացնել այդ փաստաթղթերը, սակայն դատարանն այդ միջնորդությունը չի բավարարել։
Միրկադիրովը դեմ է արտահայտվել կալանքի ժամկետի երկարաձգմանը, նշելով, որ դրա համար պատճառներ չկան, սակայն դատարանը վճռել է կալանքի ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 16-ը։
Պաշտպանները մտադիր են բողոքարկել այդ վճիռը։
Միրկադիրովը ձերբակալվել էր 2014 թվականի ապրիլին՝ պետական դավաճանության փորձի համար՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո։ Նա կտրականապես հերքում է մեղադրանքը։ Միրկադիրովի ձերբակալության իրական պատճառը, սակայն, Լեյլա Յունուսի «Խաղաղության և ժողովրդավարության» նախագծերին մասնակցելն է։