ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է արցախյան գինու երկրորդ փառատոնը։
Արցախյան գինու երկրորդ փառատոնին նոր գինեգործներ են մասնակցել (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին մասնակցող արցախյան գինու և ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող Արցախի 5 շրջանների, ինչպես նաև Ստեփանակերտի ձեռնարկություններին ու անհատ գինեգործներին ցուցահանդես-տոնավաճառում հնարավորւթյուն էր ընձեռվել գինեգործներին ներկայացնելու և վաճառելու իրենց արտադրանքը:
Փառատոնի ծրագրի շրջանակներում ցուցադրվել են նաև հայկական գինեգործության հնագույն ծիսակատարություն, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների թանգարանային ցուցադրություն։
Բացման հանդիսավոր արարողությունը ազդարարվեց Հադրութ քաղաքի եկեղեցու քահանա Տեր Մատթեոս Դրավունցի ձեռամբ կատարված խաղողօրհնեքի արարողությամբ, և սկսվեց տաշտում խաղողի ճզմման ծիսակատարություն ու նախորդ տարվա արարողությունից ստացված գինու շշալցում:
Ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքում ներկայացվել են արցախյան վարպետների կողմից պատրաստված հուշանվերներ, արցախյան գորգեր և զարդեր, կավե ամանեղեն:
Բացի գինու տոնավաճառից, Տող գյուղի և մոտակա համայնքների ներգրավմամբ կազմակերպվել է նաև արցախյան բարիքների տոնավաճառ, ուր ներկայացվել են գյուղի բերքն ու բարիքը:
«Միջոցառումը նպատակ էր հետապնդում մեկ անգամ ևս հանրահռչակել Տողի մելիքական ապարանքը՝ որպես Արցախում պետական իշխանության շարունակականության խորհրդանիշ. այն ապահովում է նաև զբոսաշրջության հարավային երթուղու զարգացումը։ Տողը զբոսաշրջության հարավային երթուղու առանցքային բնակավայրերից մեկն է, և պետք է տարբեր միջոցներով զբոսաշրջիկներ ներգրավել դեպի այստեղ։ Բացի այդ, նպատակ ունենք նաև Արցախում խթանել գինեգործության զարգացումը»,-ասել է զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը և հավելել, որ ի տարբերություն նախորդ գինու փառատոնի, այս տարի մասնակցում են մեծ թվով նոր գինեգործներ:
Միջոցառումն ընթանում էր հանրապետության ճանաչված մշակութային համույթների ելույթներով, ազգագրական պարերով ու խաղերով, խաղարկությամբ և աճուրդով:
Համերգին մասնակցել են «Մենք ենք, մեր սարերը» և Կովսականի ազգագրական պարերի համույթները, Տողի արվեստի դպրոցի աշակերտները: Ելույթ է ունեցել նաև «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի մասնակից Լիլիթ Ավանեսյանը:
Փառատոնի մշակութային ծրագրին մասնակցած դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն իր գոհունակությունն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որոնք իրեն հնարավորություն են տվել ևս մեկ անգամ վայելելու Արցախ աշխարհն ու արցացախցիներին:
«Ես շատ ուրախ եմ, որ Արցախում նման ավանդական միջոցառումներ են կազմակերպվում.ամեն անգամ այստեղ գալով ես հպարտություն եմ ապրում»,-անկեղծացել է Հ. Թոխատյանը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն՝ պաշտոնատար այլ անձանց հետ, գիմեգործներ ԼՂՀ-ից և ՀՀ-ից, հյուրեր, զբոսաշրջիկներ:
Արցախյան գինու փառատոնն ամենամյա տոնախմբություն է, որը կազմակերպվում է հոկտեմբերի երրորդ շաբաթ օրը: Այն նպատակ ունի զարգացնելու համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը: Նախորդ տարի փառատոնին մասնակցել են 24 գինեգործներ և ավելի քան 1500 հյուրեր՝ ՀՀ-ից և արտերկրից: Ի դեպ, այս տարվա մասնակիցների թիվը զգալիորեն աճել է: