Artsakhpress

Տնտեսական

Մսի մթերմանն ու անասնապահության զարգացմանը վերաբերող հարցերին պատասխանում է գյուղնախարարության պատասխանատուն

Անցած տարվա համեմատ այս տարի հանրապետությունում, անասնապահության և անասնաբուծության առումով շոշափելի ձեռքբերումներ են արձանագրվել։

Մսի մթերմանն ու անասնապահության զարգացմանը վերաբերող հարցերին պատասխանում է գյուղնախարարության պատասխանատուն

Մսի մթերմանն ու անասնապահության զարգացմանը վերաբերող հարցերին պատասխանում է գյուղնախարարության պատասխանատուն

Անցած տարվա համեմատ այս տարի հանրապետությունում,  անասնապահության  և անասնաբուծության  առումով  շոշափելի  ձեռքբերումներ են արձանագրվել։  Ոլորտում առկա  խնդիրների  և ձեռքբերումների մասին  է «Արցախպրես»-ի  հետ  զրուցել  ԼՂՀ  գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության  պետ   Նորայր Մուսայելյանը

 -Անասնաբուծության ինչպիսի՞առաջատար ճյուղեր կան Արցախում:

-Հանրապետությունում անասնաբուծության բնագավառում իրենց նշանակությամբ հատկապես աչքի են ընկնում տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը և մեղվապահությունը։ Անասնաբուծական մթերքների արտադրության մեջ այդ ճյուղերի բաժինը կազմում է ավելի քան 90%։ Թռչնաբուծության ոլորտում, ավանդական տեսակներից բացի, վերջին տարիներին արմատավորվում են նաև ջայլամաբուծությունն և լորաբուծությունը, որոշակի ակտիվություն է նկատվել ճագարաբուծության և լճակային  ձկնաբուծության ոլորտում:

՞նչ աշխատանքներ են տարվում հանրապետությունում անասնաբուծության ճյուղերի զարգացման ուղղությամբ: 

-ԼՂՀ կառավարությունը գյուղատնտեսության պետական աջակցության ուղղությամբ համալիր միջոցառումներ է իրականացնում ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով` նպատակ հետապնդելով  վարկավորման և աջակցության այլ մեխանիզմների կիրառմամբ լուծել անասնաբուծությունում առաջացած հիմնախնդիրները, ինչպես նաև`  կայուն հիմքեր ստեղծել տնտեսվարողների համար գործունեության բարենպաստ պայմանների ու անասնաբուծության հետագա զարգացման համար: Տեղական նախրի բարելավման նպատակով «Տոհմային կայան»-ում ծնված շուրջ 130 գլուխ ցուլ-արտադրողներ արտոնյալ պայմաններով տրամադրվել են տավարաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին: Արդյունքում այժմ ունենք 800 և ավելի գլուխ բարելավված սերունդ: Տոհմային ցուլերի տրամադրումն իրականացվում է շուկայական գնի 50 %-ի սուբսիդավորմամբ, 5 տարի մարման ժամկետով և 3 տարի պարտադիր պահելու պայմանով:

-Ի՞նչ աշխատանքներ են տարվել արհեստական սերմնավորման ուղղությամբ: Ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել և արդյոք շարունակվու՞մ են աշխատանքները: 

-2006 թվականին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ գյուղացիական տնտեսություններում ներդրվել է խոշոր եղջերավոր անասունների արհեստական սերմնավորման գործընթացի  հիմքը:

2009 թվականին արհեստական սերմնավորման կազմակերպման և իրականացման գործառույթները փոխանցվել են «Տոհմային կայան» ՓԲԸ-ին,  սակայն մասնագետները հիմնականում սերմնավորումն իրականացնում էին ընկերության և Նորագյուղի տավարաբուծական ֆերմաներում: Վերլուծություններ կատարելով`եկանք այն եզրակացությանը, որ այս ծրագիրը պետք է այլ կերպ կազմակերպել: Այդ նպատակով կազմակերպվեց մրցույթ և հաղթող ճանաչվեց «Քարդ-Ագրո» սերվիսընկերությունը, որն այդ բնագավառում մասնագիտացած է:

-Որքա՞ն է ընդհանուր անասնագլխաքանակը, եթե հնարավոր է, ներկայացրեք նաև անասնագլխաքանակն ըստ տեսակների:

-2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում   ընդհանուր առմամբ անասունների գլխաքանակը կազմել է 62182 գլուխ, այդ թվում կովեր՝ 24886 գլուխ, խոզեր՝ 15801, մանր եղջերավոր անասուններ՝ 109648, թռչուններ՝ 480581 թև, աճի տեմպը տարեսկզբի նկատմամբ համապատասխանաբար կազմել է 107.0, 103.3,  94.7,  105.0 և 120.7%:

նչպե՞ս կգնահատեք անասնագլխաքանակի ընդհանուր թիվը` համեմատած մեր տարածքում բուծման հնարավորությունների հետ: 

-Անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների լուրջ խթան կարող են հանդիսանալ հատկապես մթերատվության բարձրացումը և գլխաքանակի ավելացումը, իսկ դրա իրականացման համար կան նպաստավոր պայամաններ` հաշվի առնելով արոտների բեռնվածությունը, որը հնարավորություն է տալիս մի քանի անգամ ավելացնելու անասնագլխաքանակը:

-Վերջին տարվա կտրվածքով որքա՞ն է կազմել արտադրված կենդանական ծագման մթերքների ծավալը:

-2013 թվականի ընթացքում հանրապետությունում արտադրվել է 41886.9 տոննա կաթ, 29595.3 հազար հատ ձու, սպանդի համար իրացվել է 6829.5 տոննա միս կենդանի քաշով, որից տավարի միս` 3330.5տ, խոզի` 1185.6տ, ոչխարի և այծի 1149տ, թռչնի` 1164.4 տ:

-Անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները կարողանու՞մ են իրացնել ստացված մթերքը: Ի՞նչ  խնդիրներ կան` կապված  իրացման  հարցի հետ: Ի՞նչ  ծրագրեր են մշակվում, որպեսզի իրացումն այլևս խնդիր չլինի: 

-Եթե նշենք, որ կենդանական ծագման մթերքների իրացման խնդիր չկա, միանշանակ սխալ կլինի, սակայն դա պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ`սուբյեկտիվ պատճառներով: Հաշվի առնելով, որ իրացումը կատարվում է տարբեր առևտրային կազմակերպությունների կողմից, իսկ նրանք նախընտրում են հնարավորինս քիչ ծախսերով ընդունել անհրաժեշտ մթերքներ, արդյունքում մայրաքաղաքից և շրջկենտրոններից հեռու համայնքներում իրացումն ինքնստինքյան խնդիր է դառնում:

Սակայն հանրապետությունում ստեղծված և ներկայումս գործող միակ սպանդանոցը լուրջ խթան հանդիսացավ տավարի մսի իրացման ուղղությամբ: Մանր եղջերավոր անասունների և թռչունների մսի իրացման մասով իրականացվում է արտահանում, սակայն պիտի նշեմ նաև, որ խոզի մսի դեֆիցիտ ունենք՝ կապված աֆրիկական ժանտախտ հիվանդության հետ:

Պաշտպանության նախարարության կարիքները հոգալու համար մինչև 2013 թվականը կենդանական ծագման մթերքների մեծ մասը ներկրվում էր դրսից, սակայն անցած տարվանից մի շարք մթերքների մատակարարումն արդեն իրականացվում է հայրենական արտադրանքի հաշվին, որը նույնպես  իրացման լուրջ խթան է  հանդիսացավ:

-Անասնաբուծությամբ զբաղվողները նշում են, որ հանրապետության տարածքում գործող մեկ սպանդանոցը բավարար չէ մթերքի իրացման համար:

-Այսօր հանրապետությունում գործող սպանդանոցը ոչ պետական ընկերություն է, որն սպանդի է ենթարկում այնքան գխաքանակ, որքան  կարողանում է միս իրացնել,  իսկ մսի մնացած ծավալներն իրացվում են մսավաճառների կողմից՝ բակային մորթի ձևով:

Նշենք, որ պետությունը պատրաստ է աջակցել սպանդանոցների հիմնադրմանն ուղղված ծրագրերին:

-Վերջին շրջանում որոշ գյուղերում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկումներ են նկատվում: Ի՞նչ աշխատանք է տարվում հիվանդությունը կանխելու համար: Արդյոք կա՞ կանխման միջոց: Հնարավո՞ր է լինի փոխհատուցում`կապված այս հիվանդության հետ, որովհետև հիվանդացած խոզերի կորուստը (հատկապես շատ գլխաքանակի դեպքում) մեծ կորուստ է բուծողների համար:

-2007 թվականին արձանագրվեցին խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության առաջին դեպքերը, և այդ ժամանակահատվածից առայսօր հանրապետության տարածքը համարվում է անապահով: Այս հիվանդության պատվաստանյութ գոյություն չունի, և միակ պայմանը, որը կարող է մեղմացնել ռիսկի գործոնը, դա խոզերին փակ և մեկուսացված պահելն է: Փոխհատուցման առումով նշեմ, որ չի բացառվում փոխհատուցումը, սակայն փոխհատուցում կտրամադրվի միայն  այն  ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր խոզերը փակ և մեկուսացրած են պահում, ինչն էլ խթան կհանդիսանա, որպեսզի բնակչությունը   ըմբռնումով մոտենա խոզերը փակ և մեկուսացրած պահելու գաղափարին:

-Անասնաբուծության մյուս ոլորտներում արդյոք գրանցվե՞լ են հիվանդության դեպքեր: 

-Անասնաբուծության մյուս ճյուղերում հիվանդության բռնկումներ չեն  արձանագրվել:

-Արցախում արտադրված անասնաբուծության շնորհիվ արտադրվող  մթերքը արտահանվու՞մ է: Եթե այո, ինչ քանակությամբ, եթե ոչ, արդյոք նման բան նախատեսվում է առաջիկայում:

Հանրապետություն ներմուծվում և արտահանվում են նաև կենդանական ծագման  մթերքներ, սակայն պետք է ցավով նշեմ,որ ներմուծման ծավալներն գերակշռում են արտահանման ծավալներին: Դրա հիմնական պատճառները կապված են արտադրվող մթերքի ինքնարժեքի, որակի և անասնաբուժական ստանդարտների հետ: Առաջիկայում նախատեսվում է արտահանման ծավալների ավելացում:

2013 թվականին ներմուծվել է անասունների և թռչնի միս` 1385,8 տոննա, իսկ արտահանվել է  120,7 տոննա,  կաթ և կաթնամթերք ներկրվել է  843,2 տոննա, իսկ արտահանվել է  102,3 տոննա, ներկրվել է ձու 7451.2 հազար հատ, իսկ արտահանվել է 439.1 հազար հատ:

 

 

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պետեկամուտների կոմիտեն կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Խաղողի և նռան այգիների այս տարվա բերքատվության ցուցանիշները գոհացուցիչ են. ոլորտի պատասխանատու

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 29-ից կավելացվեն ռենտգեն սարքավորումների թիվը. ՏԿԵՆ

Search