Այսօր Շուշիում մեկնարկել է շուշեցի անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը` «Խաղաղություն Արցախին» խորագրով` նվիրված զինադադարի կնքման 20-ամյակին:
Շուշիում մեկնարկել է քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը` «Խաղաղություն Արցախին» խորագրով (լուսանկարներ)
Այսօր Շուշիում մեկնարկել է շուշեցի անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը` «Խաղաղություն Արցախին» խորագրով` նվիրված զինադադարի կնքման 20-ամյակին:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` հղում կատարելով Շուշիի Նարեկացի արվեստի միության ֆեյսբուքյան էջին, հուլիսի 10-30-ը Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի քանդակների պուրակում 12 պրոֆեսիոնալ քանդակագործներ Իտալիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Բելոռուսից, Հայաստանից եւ Արցախից ազատ թեմայով կկերտեն քանդակներ: Զինադադարի 20-ամյակին նվիրված սիպոզիումի ժամանակ կերտված քանդակները կմնան Շուշիում և կտեղադրվեն քաղաքի տարբեր վայրերում:
Սիմպոզիումի բացման հանդիսավոր արարողությանը ներկա ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանի խոսքերով, քանդակագործության սիմպոզիումն առիթ է`գեղեցիկ արվեստի շուրջ համախմբելու հին ու նոր բարեկամներին, ստեղծելու արվեստի գործեր, որոնք Շուշիի մշակութային նոր կերպարի մաս են կազմելու:
Աղբյուրի հաղորդմամբ, ինչպես առաջին եւ երկրորդ սիմպոզիումների ժամանակ, այս անգամ ևս սիմպոզիումի շրջանակներում Շուշիի Նարեկացի արվեստի միությունում կկազմակերպվեն վարպետության դասեր:
Նշենք, որ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը:
Շուշեցի տաղանդավոր քանդակագործ Հակոբ Գյուրջանի անունով քանդակագործության միջազգային սիմպոզիում կազմակերպելու գաղափարը ծնվել է 3 տարի առաջ Ֆլորենցիայում բնակվող Վիգեն Ավետիսի մոտ եւ Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության համագործակցության արդյունքում: