Արցախում դեկտեմբերի 1-9-ը անցկացվելիք մարդահամարը պետք է կազմակերպել միջազգային նորմերին համապատասխան:
Արցախում մարդահամարի անցկացումը յուրահատուկ պատասխան կլինի ադրբեջանական բարբաջանքներին. ԱՎԾ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի (Զոհրաբ Ըռքոյան) հաղորդմամբ, այդ մասին այսօր կայացած Քաշաթաղի շրջխորհրդի հերթական նիստում, նշել է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը՝ հավելելով, որ մարդահամարը յուրահատուկ պատասխան կլինի ադրբեջանական այն բարբաջանքներին, որ Արցախում ավելի քիչ մարդ է ապրում քան ներկայացվում է: «Մարդհամարին մեր ակտիվ մասնակցությամբ պետք է անենք հնարավորը, որ տվյալները ճշգրիտ լինեն»,- ընդգծել է ԱՎԾ ղեկավարը:
Կ. Ներսիսյանի հաղորդմամբ՝ ի տարբերություն նախորդ՝ 2005 թվականին անցկացված մարդահամարի, այս անգամ հարցաշարը թարմացվել է 5 հարցով, և քաղաքացիները պետք է պատասխանեն ընդհանուր առմամբ 55 հարցի: ԱՎԾ նախագահը համայնքների ղեկավարներին հորդորել է բացատրական աշխատանք իրականացնել բնակչության հետ մարդահամարի կարևորության վերաբերյալ:
Ներսիսյանը նշեց նաև, որ մարդահամարից հետո 3 ամսվա ընթացքում կհրապարակվեն արդյունքների վերաբերյալ նախնական տվյալներ, իսկ վերջնական ու ճշտված տվյալները կհրապարակվեն 2016 թվականի վերջին:
Իր հերթին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը համայնքների ղեկավարներին ու դպրոցների տնօրեններին հանձնարել է օժանդակել համապետական նշանակություն ունեցող այդ կարևոր միջոցառմանը: