Հանրապետությունում այսօր մեկնարկել է Արցախի անկախության տարիներին անցկացվող թվով երկրորդ մարդահամարը, որը կշարունակվի մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Արցախում մեկնարկել է անկախության տարիներին երկրորդ անգամ անցկացվող մարդահամարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պետ Միքայել Սողոմոնյանը տեղեկացրել է, որ մարդահամարը կազմակերպելու և անցկացնելու համար ստեղծվել են Հանրապետական, Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային հանձնաժողովներ, 9 մարդահամարի, 90 հրահանգչական և 501 հաշվային տեղամասեր:
Մ. Սողոմոնյանի խոսքով՝ 2005թ. անցկացված առաջին մարդահամարից հետո, երկրում տեղի են ունեցել սոցիալ-տնտեսական էական փոփոխություններ՝ բնակչության թվաքանակի, տեղաբաշխման, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական ակտիվության, տնային տնտեսությունների բնակության պայմանների, կենսամակարդակի և այլ բնութագրիչների առումով:
«Տնտեսական և սոցիալական բարեփոխումների ուղի բռնած Արցախի համար շատ կարևոր է ապահովել մարդահամարների պարբերաբար անցկացումը, քանի որ դրանց արդյունքներն էական նշանակություն կունենան երկրի պետական և տնտեսական քաղաքականության մշակման, ծրագրավորման և կառավարման համար»,- նշել է ԼՂՀ ԱՎԾ մարդահամարի վարչության պետը՝ հավելելով, որ մարդահամարը հնարավորություն կտա ուսումնասիրել հասարակական և տնտեսական մակարդակներում տեղ գտած փոփոխություններն ու կանխորոշել հետագա առաջընթացի նոր ուղղություններն ու սկզբունքները:
Մ. Սողոմոնյանը կարևորել է բնակչության ակտիվ մասնակցության դերը հավաստի ու ճշգրիտ տվյալներ ստանալու գործում՝ ավելացնելով, որ ԼՂՀ «Մարդահամարի մասին» օրենքի համաձայն՝ համապետական այդ միջոցառմանը մասնակցելը քաղաքացիների պարտականությունն է:
ԱՎԾ մարդահամարի վարչության պետը հավաստիացրել է, որ քաղաքացիների մասին հավաքագրված տվյալները գաղտնի են մնալու, քանի որ, դրանք հրապարակվելու են միայն ընդհանրացված տեսքով: Նշենք, որ մարդահամարի նախնական տվյալները հայտնի կլինեն 2016թ. ապրիլի սկզբին, իսկ վերջնականը` 2016թ. ավարտին: