Եվրոպական խորհրդարանը հինգշաբթի Ստրասբուրգում կայացած լիագումար նիստին Ուկրաինայի հարցով բանաձև է ընդունել, որտեղ աջակցություն է հայտնում Կիևի կառավարությանը և դատապարտում Ռուսաստանի գործողությունները:
Եվրախորհրդարանն Ուկրաինայի հարցով Ռուսաստանին դատապարտող բանաձև է ընդունել
Եվրոպական խորհրդարանը հինգշաբթի Ստրասբուրգում կայացած լիագումար նիստին Ուկրաինայի հարցով բանաձև է ընդունել, որտեղ աջակցություն է հայտնում Կիևի կառավարությանը և դատապարտում Ռուսաստանի գործողությունները:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով ԹԵՐԹ.am-ին, փաստաթղթում ողջունվում է վերջերս ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրի մնացյալ հատվածի ստորագրումը: Պատգամավորները նաև ողջունել են Բրյուսելի որոշումը՝ անհապաղ սկսել այդ փաստաթղթի ժամանակավոր կատարումը, և կոչ արել դա արագ վավերացնել:
Եվրախորհրդարանն աջակցում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ ծրագրին՝ որպես «կոնֆլիկտի սրման նվազման և խաղաղության հաստատման հիմնական հնարավորություն»: Այն «աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված նախագահի վճռական գործողություններին»:
Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ռուսաստանը մասնակցում է ռազմական գործողություններին և ռազմական մատակարարումներին: Կառույցը կոչ է անում Ռուսաստանին կատարել միջազգային պարտավորությունները, նպաստել իրական խաղաղ բանակցություններին և օգտագործել իր ազդեցությունը ցանկացած բռնության դադարեցման համար։