Նախորդ տարվա համեմատ՝ Արցախում այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի ցանքսը 36 տոկոսով ավելի է:
Անցած տարվա առատ բերքով պայմանավորված՝ ցանքատարածություններն ավելացել են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը՝ մանրամասնելով, որ անցած տարվա դեկտեմբերի 31-ի տվյալներով հանրապետությունում իրականացվել է 55 հազար 859 հեկտար հերկ, որից 53 հազար 845,4 հա-ի վրա կատարվել է աշնանացան հացահատիկի ցանքս՝ նախորդ տարվա 43 հազար 221 հա հերկի և 39 հազար 450,6 հա ցանքսի փոխարեն:
ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետի կարծիքով, ցանքատարածությունների ավելացումը և հողագործությամբ զբաղվողների ակտիվությունը պայմանավորված է նախորդ տարում ստացված առատ բերքով:
Ոլորտի մասնագետի խոսքով՝ հողօգտագործողների համար ձյան տեսքով տեղումներն առավել քան սպասված էին: «Վերջին երկու ամիսներին տեղացած ձյունը միանշանակ դրական ազդեցություն կունենա բերքատվության վրա: Եթե տեղումները և բարենպաստ եղանակը նման կերպ շարունակվեն, ապա այս տարի բարձր բերք է սպասվում»,-նշել է Վ. Ավետիսյանը՝ հավելելով, որ առաջիկայում հողագործական աշխատանքները կշարունակվեն մկնանման կրծողների և մոլախոտերի դեմ պայքարի շրջանակներում:
Նախատեսվում է կատարել նաև ցանքսերի սնուցման և գարնանացանի նախապատրաստական աշխատանքներ: