Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքային համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է:
Որոտան քաղաքը լուրջ խնդիրներ ունի. համայնքի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Որոտանի համայնքի ղեկավար Վրույր Ասրյանը և հավելել որ համայնքում կա 200 խոշոր և մոտ 5000 մանր եղջերավոր անասուններ: Վ. Ասրյանի հաղորդմամբ՝ այս տարվա բերքի տակ համայնքում կատարվել է 600 հա աշնանացան, որից 480-ը՝ ցորեն , 100-ը` գարի: «Որոտանը հիմնադրվել է 2013 թվականին և ներկայումս լուրջ խնդիրներ ունի: Բնակչության թիվը հասնում է 630 –ի: Համայնքում դպրոց չի գործում, որի պատճառով էլ դպրոցականները, որոնց թիվը հասնում է 90-ի, հաճախում են հարևան Հայկազյան համայնքի կրթօջախ: Որոտանը 90 նախադպրոցական տարիքի երեխա ունի , սակայն չկա մանկապարտեզ , որը շարունակում է քաղաքային համայնքի առաջնահերթ խնդիրներից մեկը մնալ,-ասել է Վ. Ասրյանը և ավելացրել,- համայնքում ծնելիության աճը դրական միտում ունի, մասնավորապես անցած տարի ունեցել ենք 8 ծնունդ»: Անդրադառնալով համայնքի խնդիրներին՝ Վ. Ասրյանն ընդգծել է, որ քաղաքի ներհամայնքային ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: «Քաղաքը գազաֆիկացված չէ, անհասանելի են Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումները, լուրջ խնդիր է նաև ոռոգման ջրի բացակայությունը»,-խոսքն ամփոփել է համայնքի ղեկավարը: