ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը համարում է, որ Քարվաճառում գերեվարված ադրբեջանցի դիվերսանտների հարցերով պետք է զբաղվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ):
Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հարցով պետք է զբաղվի ԿԽՄԿ-ն. Կասպրշիկ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը համարում է, որ Քարվաճառում գերեվարված ադրբեջանցի դիվերսանտների հարցերով պետք է զբաղվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ):
«Որոշ ժամանակ առաջ Քարվաճառի շրջանում 3 ադրբեջանցի հատել են շփման գիծը, նրանցից երկուսը ձերբակալվել են, մեկը` սպանվել: Նման հարցերով միշտ զբաղվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: ԿԽՄԿ ներկայացուցիչները հուլիսի 26-ին հանդիպել են երկու ձերբակալվածի հետ, նրանցից հարազատների համար նամակներ են վերցրել և քննարկել են երրորդի դին նրա հարազատներին հանձնելու հարցը: Անձնական ներկայացուցչի գրասենյակը համակ ուշադրությամբ հետևում է այդ գործի ընթացքին և մշտական կապի մեջ է գտնվում ԿԽՄԿ հետ: Ներկայացուցչությունը համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին տեղեկացնում է իրադարձությունների զարգացման մասին»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը` անդրադառնալով Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների վերաբերյալ հարցին:
Անջեյ Կասպրշիկը նաև հիշեցրել է հուլիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին:
«Նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները) լուրջ անհանգստություն են արտահայտել լարվածության ու բռնության աճի, այդ թվում նաև հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծի երկայնքով քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանության վերաբերյալ: Համանախագահները վճռականորեն կոչ են արել կողմերին՝ իրենց վրա զոհերից խուսափելու պարտավորություն վերցնել ու չհարձակվել գյուղերի եւ քաղաքացիական բնակավայրերի վրա: Համանախագահները նաև հորդորել են արտաքին գերատեսչությունների ղեկավարներին թուլացնել լարվածությունն ու հետևել զինադադարի մասին համաձայնագրի պայմաններին»:
Կասպրշիկը նշել է, որ ԵԱՀԿ Մշտական ներկայացուցչությունը պատրաստ է «ցանկացած հնարավոր ճանապարհներով» կողմերին աջակցել վերջ դնելու զինադադարի ռեժիմի խախտման դեպքերին:
«Վերջերս ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ համանախագահները քննարկել են նախագահական գագաթնաժողովի հնարավոր թեմաները` նշելով խաղաղ բանակցային գործընթացում առաջընթացի ձեռքբերման համար Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կարևորությունը»,- եզրափակել է Կասպրշիկը: