Ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներում, հունվարի 30-ին ավարտվել է առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլը։
Ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել դպրոցական առարկայական օլիմպիադայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Թերեզա Ղարախանյանը։
Թ. Ղարախանյանի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում անցկացված առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլի արդյունքներով 462 աշակերտ կմասնակցի քաղաքային փուլին, նախորդ տարվա 353-ի փոխարեն։
Ոլորտի մասնագետն այնքան էլ գոհացուցիչ չի համարել առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլի արդյունքները՝ հույս հայտնելով, որ քաղաքային փուլում գիտելիքների ավելի բարձր ցուցանիշներ կարձանագրվեն։
Թ. Ղարախանյանը նշել է նաև, որ այս տարի առաջին անգամ գերմաներենից քաղաքային (շրջանային) օլիմպիադայի փուլին կմասնակցի 8 աշակերտ։
Հիշեցնենք, որ դպրոցական առարկայական օլիմպիադայի քաղաքային (շրջանային) փուլը կայանալու է փետրվարի 9-13-ը։