«Համաձայնագրի ստորագրմամբ մենք համագործակցելու ենք Շուշիի նորաստեղծ տեխնոլոգիական համալսարանի հետ, պատվիրելու ենք մեզ անհրաժեշտ մասնագետներ, որպեսզի մենք կարողանանք այն խնդիրները , առաջադրանքները, որ դրված են մեր առջև գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների ներդրման զարգացման և գյուղատնտեսության ոլորտը ընդհանրապես տնտեսությունը զարգացնելու համար խնդիրներին լուծում տանք: Այսօրվա դրությամբ առանց ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման անհնար է, որևէ լուրջ հաջողությունների հասնել»,-մանրամասնել է Ա. Մխոյանը և հավելել, որ որ համագործակցության շրջանակներում ագրարային ոլորտի, վերամշակվող ձեռնարկությունների, անասնաբուժական, անասնաբուծական, ձկնաբուծության ճյուղերի համար մասնագետներ են պատրաստվելու:
«Մենք լիահույս ենք, որ Հ. Թոքմաջյանի փորձը հնարավորություն կընձեռի առաջիկայում ունենալու կադրեր, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսության ոլորտի և տնտեսության մեջ բարեփոխումների, նոր տեխնոլոգիաների կիրառման հարցում »,-համոզմունք է հայտնել Ա. Մխոյանը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով՝ պայմանագրի հիմքում դրված է ագրոպարենային համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ինչպես ուսումնական, այնպես էլ գիտական առումներով:
«Գյուղատնտեսության նախարությունը նաև զբաղվում է բնօգտագործման այնպիսի կարևորագույն խնդիրներով, ինչպիսիք են ջրամբարների շահագործումը և ոռոգման ապահովումը : Ես համոզված եմ որ 1-2 տարվա ընթացքում մենք կկարողանանք հսկայական քայլ կատարել առաջ և համագործակցության մեջ մասնագետների որակյալ պատրաստումից բացի, կարծում եմ, որ պետք է նաև հետազոտական աշխատանքներ կատարենք: Նպատակ ունենք հրավիրել լավագույն մասնագետներ Երևանից ու արտերկրից՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը միջազգային չափորոշիչների համապատասխանեցնելու համար »,-ասել է Հ. Թոքմաջյանը: