Արցախցի երիտասարդ իլլյուզիոնիստ Գագիկ Դանիելյանը 3-րդ մրցանակային տեղն է զբաղեցրել այս տարվա փետրվարի 24-26-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած Իլյուզիոնիստի միջազգային երկրորդ ֆորումում՝ արժանանալով դիպլոմի, գավաթի և դրամական պարգևի:
Արցախցի երիտասարդ իլյուզիոնիստը միջազգային ֆորումում զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գ. Դանիելյանը տեղեկացրել է, որ ամենամյա ֆորումին այս տարի մասնակցող աշխարհի տարբեր երկրներից 60 իլյուզիոնիստներից ինքը մրցանակային տեղ է զբաղեցրել «Մենտալիզմ» (հոգեբանական հնարքներ) անվանակարգում: Ի դեպ՝ միավորների պակասի պատճառով մասնակիցներին չի հաջողվել անվանակարգում գրավել երկրորդ տեղը:
(Գագիկ Դանիելյանը աշխարհի չեմպիոն Շին Լիմի հետ)
«Այդ ֆորումը մեծ դեր ունեցավ իմ հնարքների հղկման ու կատարելագործման համար, քանի որ մրցույթից հետո ԱՄՆ-ից ժամանած անվանի իլյուզիոնիստ, աշխարհի գործող չեմպիոն Շին Լիմը և այլ հայտնի մասնագետներ սեմինարներ ու վարպետության դասեր են անցկացրել մասնակիցների հետ: Բացի այդ մենք հնարավորություն ենք ունեցել մասնագիտական ճանաչում և նոր ծանոթություններ ձեռքբերել: Հաջորդ տարի ևս հնարավորության դեպքում կրկին կմասնակցեմ՝ առաջին տեղը զբաղեցնելու ակնկալիքով»,-ասել է արցախցի երիտասարդ իլյուզիոնիստը:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Գ. Դանիելյանը հավաստիացրել է, որ ֆինանսավորման դեպքում պատրաստ է հատուկ ծրագրով ու ելույթներով հանդես գալ Արցախում: