Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է երկրում այլախոհության ամբողջական վերացմանը։
Էրդողանի համար Թուրքիայում յուրաքանչյուրն ահաբեկիչ է. Foreign Policy
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման մոտեցման զոհն են դառնում բոլորը` երեխաներից մինչև ծերեր, գրում է ամերիկյան Foreign Policy հանդեսը։
Դիարբեքիր նահանգում վերջին ամիսներին անցկացվում են թուրք զինվորականների հատուկ գործողությունները, որոնք ուղղված են երկրում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Սակայն ռազմական գործողությունների զոհը հաճախ դառնում է Թուրքիայի հարավ-արևելքի քաղաքացիական բնակչությունը։
Foreign Policy-ն գրում է, որ Թուրքիան ունի ահաբեկչության աճից վախենալու հիմքեր՝ թե՛ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության, և թե՛ ՔԱԿ-ի ակտիվացման պատճառով, սակայն վերջին ամիսներին «ահաբեկչություն» բառը գրեթե հավասարվել է «այլախոհություն» հասկացությանը, այսինքն՝ անհամաձայնություն թուրքական կառավարության հետ:
«Այլախոհ մարդկանց` լրագրողներին, իրավապաշտպաններին, ակադեմիկոսներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, կալանքի տակ են առնում` ահաբեկչական կազմակերպությունների անունից, իբր, քարոզչություն տարածելու համար»,- ասվում է թերթում:
«Ահաբեկչություն» և «ահաբեկչության կողմնակիցներ» հասկացության ընդլայնումը հանգեցրել է նրան, որ ահաբեկիչներ են սկսել համարել և՛ նրանց, ովքեր ձեռքում ռումբ են բռնում, և՛ նրանց, ովքեր ձեռքում գրիչ են բռնում, գրում է ամերիկյան հանդեսը։