Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ եւ շախմատային թագի մրցամարտում կմրցի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Սերգեյ Կարյակինը՝ հավակնորդների մրցաշարի հաղթող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մոսկվայում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրի կենտրոնական պարտիայում Կարյակինը սպիտակներով 42-րդ քայլում հաղթեց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանային եւ 8.5 միավորով գրավեց առաջին տեղը: Կարուանան մրցաշարն ավարտեց 7.5 միավոր եւ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վերջին տուրում սեւերով ոչ ոքի էր խաղացել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ եւ, վաստակելով 7 միավոր, բաժանել էր 4-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը գրավեց 5-րդ տեղը:
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը տեղի կունենա 2016-ի նոյեմբերի 10-ից 30-ը Նյու Յորքում: Մրցախաղի մրցանակային հիմնադրամը կլինի առնվազն մեկ միլիոն եվրո: Աշխարհի գործող չեմպիոնն է ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը: