Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ շարունակում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ հարձակումը։
Սիրիական բանակը գրոհում է Էլ-Քարյաթեյնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զինվորականները շարժվել են դեպի Էլ-Քարյաթեյն քաղաքը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ստացվող հաղորդագրությունների համաձայն՝ մարտեր են ընթանում Պալմիրայից հյուսիս-արևելք և հարավ-արևմուտք ուղղություններով ԻՊ-ի հսկողության տակ գտնվող քաղաքների մոտակայքում։
Զինվորականները պատրաստվում են օգտագործել Պալմիրան որպես մեկնակետ ԻՊ-ի դեմ գործողությունն ընդլայնելու և գրոհայինների մատակարարման ճանապարհները կտրելու համար։
Կիրակի օրը Սիրիայի բանակին մի քանի օր տևած մարտերից հետո հաջողվել է ազատագրել գրոհայինների կողմից մայիսի կեսին գրավված հնագույն Պալմիրա քաղաքը։
Պալմիրայի ազատագրումը թույլ է տվել սիրիական զորքերին հսկողություն հաստատել Պալմիրայի և ԻՊ-ի գրոհայինների կողմից շրջափակված Դեյր Էզ Զորի միջև ընկած ճանապարհին։
Մեծ Բրիտանիայում գտնվող մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ ռազմական ինքնաթիռները, որոնք ենթադրաբար ռուսական ինքնաթիռներ են, արդեն սկսել են ռմբակոծել ճանապարհը։