Այսօր կայացել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի՝ ընթացիկ տարվա երրորդ նիստը:
Արցախում կկառուցվեն ևս երկու փոքր ՀԷԿ-եր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրակարգի առաջին հարցով հաստատվել է հանձնաժողովի 2015 թվականի գործունեության մասին հաշվետվությունը:
Հանձնաժողովը բավարարել է «Վիկինգ» և «Ծովինար-Նարեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանների ներկայացրած հայտերը և տրամադրել համապատասխանաբար ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Դողար գյուղին հարակից հատվածում «Սյունիք» և ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի Շրվական գյուղի տարածքում «Ակունք» փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիաներ:
Լիցենզիաների ներկայացված պայմանների համաձայն «Սյունիք» ՓՀԷԿ-ը կունենա 1.813 ՄՎտ դրվածքային հզորություն, «Ակունք» ՓՀԷԿ-ը՝ 0.055 ՄՎտ դրվածքային հզորություն:
Նիստում ընդունված որոշման համաձայն փոփոխություն է մտցվել ««Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները սահմանելու մասին»՝ հանձնաժողովի N 39 Ն որոշման մեջ:Համաձայն փոփոխության՝ ընկերությունը պարտավոր է Ստեփանակերտ քաղաքի սպառողներին ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ, բացառությամբ Աջափնյակ թաղամասի 7-րդ զուգահեռի սպառողների, որոնց ջրամատակարարումը կիրականացվի ժամը 18:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում:
Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել 2011 թվականի ապրիլի 27-ի 46Ա որոշումը՝ «Կյանք» ՍՊԸ-ի կողմից մակարոնի արտադրության դադարեցման մասին ներկայացված տեղեկանքի հիման վրա:
Նիստում հաստատվել է «Աղ», «Սուրճ» և «Թեյ» ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող տեղեկատվության ձևը և տեղեկատվություն ներկայացնողների ցանկը:
Հանձնաժողովը փոփոխություն է կատարել 2009 թվականի հուլիսի 17-ի թիվ 45Ա որոշման մեջ: Ավշարյան Տատյանա անհատ ձեռնարկատիրոջ և «Էլիտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված գործունեության դադարեցման մասին դիմումների հիման վրա որոշումից հանվեցին վերոնշյալ բառերը: