Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու հետ կապված պայմանագրերի կնքման գործընթացը բնականոն հունով առաջ է գնում:
ՌԴ-ից զինտեխնիկա ձեռք բերելու գործընթացն առաջ է գնում. ՀՀ վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին՝ սպառազինության ձեռքբերման հետ կապված պայմանագրերն ինչ ընթացքի մեջ են՝ վարչապետն ասաց. «Բնականոն հունով գնում է, որևէ խնդիր չենք ունենալու: Մենք որևէ ֆինանսական միջոցի խնդիր չունենք՝ մեր բանակը սպառազինելու, դա որևէ մեկի համար քննարկման առարկա թող չդառնա»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ սպառազինության համար որքան գումար անհրաժեշտ է՝ տրամադրվել է:
Ապրիլի սկզբին Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին առաջարկել էր հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտ»-ին՝ արագացնելու Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը:
«Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին Հայաստանի կարիքների համար ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով պետական արտահանման վարկի տրամադրման համար: Սակայն համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացում որոշակի դանդաղում կա, այդ պատճառով խնդրում եմ ցուցում տալ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին պայմանագիրն ստորագրելու հարցում»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը: