Եվրոպայում ահաբեկչության վտանգը կավելանա Եվրամիության կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումից հետո:
ԵՄ-ում անհանգստանում են, որ թուրքերի համար վիզայի չեղարկումից հետո ահաբեկչությունների վտանգը կավելանա. The Telegraph
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է The Telegraph թերթն իր կայքում` իր մոտ հայտնված Եվրոպական հանձնաժողովի զեկույցին հղումով:
«Թուրքիայի քաղաքացիների համար առաջարկվող վիզային ռեժիմի ազատականացումը պոտենցիալ կարող է ազդեցություն ունենալ ԵՄ երկրներում ահաբեկչական ռիսկերի վրա»,- նշվում է զեկույցում:
Կարելի է ակնկալել, որ «հենց թուրք քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ տրամադրվի դեպի ԵՄ, արտասահմանցիները կփորձեն թուրքական անձնագրեր ստանալ», որպեսզի անխոչընդոտ հայտնվեն ԵՄ երկրներում, կամ կփորձեն խաբեության ճանապարհով թուրքական քաղաքացիություն ստանալ, անհանգստանում են Բրյուսելում:
Այնտեղ նաև ենթադրում են, որ ահաբեկիչները կարող են փորձել ԵՄ երկրներ մուտք գործել ` օգտվելով ուրիշների անձնագրերից, որոնք տրվել են Թուրքիայում:
«Այդ հնարավորությունը կգրավի ոչ միայն անօրինական ներգաղթյալներին, այլև հանցագործներին և ահաբեկիչներին»,- զգուշացնում են Եվրոպական հանձնաժողովում: