«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
Բունդեսթագի բանաձևով Թուրքիային հասկացվում է, որ ժամանակն է ընդունելու սեփական մեղքը. Արա Պապյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այն կարևոր քայլ էր, որովհետև պետք է հաշվի առնել, որ առ այսօր Գերմանիան միակն է Ցեղասպանությունը ճանաչող երկրներից, ով պատերազմի ժամանակ եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը: Այս բանաձևի ընդունումն այդ առումով որակական փոփոխություն է, որովհետև այդ բանաձևով խոսվում է պետական պատասխանատվության մասին: Այս բանաձևով նաև Թուրքիային է հասկացվում, որ ժամանակն է ընդունելու սեփական մեղքը»,- ասել է Արա Պապյանը:
Մյուս կողմից էլ, ըստ Արա Պապյանի, պետք է հաշվի առնել, որ Գերմանիան Եվրամիության ամենահզոր երկիրն է տնտեսական առումով, հետևաբար նրա դիրքորոշումը կարող է ազդել այլ երկրների որոշման վրա:
«Թուրքիան, բնականաբար, չի հետևի Գերմանիայի օրինակին. եթե ամբողջ աշխարհն էլ ընդունի Հայոց ցեղասպանությունը, միևնույն է՝ Թուրքիան այն չի ընդունելու, որովհետև, եթե ընդունի, պետք է զոհաբերության ենթարկի իր ամբողջ պատմությունը, այդ թվում՝ ամենակարևորը՝ հանրապետության հիմնադիրների վարքը»,- ասել է Արա Պապյանը:
Ինչ վերաբերում է Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների հետագա ընթացքին, ապա պատմաբանն այն համոզմանն է, որ դրանք այժմ էլ լարված են, մի քիչ ավելի կլարվեն:
Խոսելով հետագա ընթացքի մասին՝ Արա Պապյանն ասաց, որ ցեղասպանությունների ճանաչումը հատուցում չէ, հատուցումն այլ գործընթաց է պահանջում:
«Այլ բան, որ սա մի գործոն է, որը կարելի է օգտագործել նույն պահանջատիրության մեջ՝ վկայակոչելով, թե տեսեք, պետությունները ճանաչել են, կատարվածը հանցագործություն է, հետևաբար՝ պետք է հատուցվեն: Հատուցումն ավելի իրավապայմանագրային ոլորտից է. եթե հողային հատուցում լինի, դա Վիլսոնի իրավարար վճռի հիման վրա է, իսկ եթե գույքային, ապա դա անհատական կամ խմբակային դատավարություն է ենթադրում սեփականության իրավունքի վերականգնման սկզբունքով»,-ներկայացրե է Արա Պապյանը: