Աղետ չէ, որ երգահան Բյուլբյուլօղլին, չունենալով համապատասխան կրթություն, ինչպես նաև տարրական գիտելիքներ, աղավաղված է ներկայացնում ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը, որ նա դեսպանի պաշտոնում անցկացրած տասը տարում այդպես էլ չհասկացավ, թե ինչ ասել է դիվանագետ:
Բյուլբյուլօղլին այդպես էլ չհասկացավ, թե ինչ ասել է դիվանագետ. Տիգրան Բալայանը մեկնաբանել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման մեկնաբանություն REGNUM գործակալությանն է տվել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն` անդրադառնալով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի` «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցին:
«Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի իրավունքն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն: Դա նաև յուրաքանչյուր ազգի սուրբ պարտքն է` սկսած հնագույն ժամանակներից: Այդ իսկ պատճառով ես`որպես Ադրբեջանի քաղաքացի, որի արմատները Ղարաբաղից են, որի հայրական տունը Շուշիում ներկայում գտնվում է շրջափակման մեջ, հայտարարել եմ և ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ պատրաստ եմ անձամբ մասնակցել հայրենական պատերազմին իմ հայրենիքի հողերն ազատագրելու համար»,- ասել էր Բյուլբյուլօղլին:
Բալայանի խոսքով` եթե Բյուլբյուլօղլին հասկանար, թե ինչ է նշանակում դիվանագետ լինել, նա կոչ չէր անի Ռուսաստանում բնակվող իր հայրենակիցներին զենք վերցնել և գնալ Լեռնային Ղարաբաղ և չէր բղավի, որ պատրաստ է նույնն անել:
«Հավանաբար, անձամբ Բյուլբյուլօղլիի համար աղետն այն է, որ այս 10 տարիների ընթացքում նա որակազրկվել է նաև որպես երգահան`դադարելով հասկանալ, որ պաշտոնական նախանձախնդրության մեջ ձայնակցելով իր ղեկավարությանը մեկ, այն էլ կեղծ նոտայով, մեղեդի չես ստեղծի»,- ասել է Բալայանը: