ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ` Թալիշ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերի կողմից հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ բացելու վերաբերյալ:
Արցախի օմբուդսմենը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնավորապես հայտարարության մեջ նշված է, որ 2016թ. հունիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Արցախի մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմին դիմում է ներկայացրել այն մասին, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահատկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ անվտանգության նկատառումներով բերքահավաք աշխատանքները դադարեցվել են:
«Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Թալիշ համայնքի բնակիչների կյանքի իրավունքի և սեփականության իրավունքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունը և միջազգային հումանիտար իրավունքի պահանջների ոտնահարումը։ Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն իրականացնող և հատկապես Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավասու միջազգային կազմակերպություններին պաշտպանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Միաժամանակ, աղբյուրի հաղորդմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով, պաշտպանի աշխատակազմն իրականացնում է միջադեպի հանգամանքների փաստագրում և իրավական վերլուծություն, որոնց արդյունքները հասանելի կդարձվեն հանրությանը։