Ֆրանսիական Լիոն քաղաքի մզկիթի վրա բարբարոսական հարձակում է եղել:
Լիոնում մզկիթի պատերի վրա մուսուլմանների հասցեին սպառնալիքներ են գրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
Գրությունները, որոնք արվել են մզկիթի պատերին կապույտ ու կարմիր ներկերով, պարունակում էին վիրավորանքներ, Ֆրանսիան անհապաղ լքելու պահանջներ ու քաղաքի մուսուլմանական համայնքի անդամներին սպանելու կոչեր:
Հուլիսի 20-ին նույնատեսակ գրություններ են հայտնվել նաեւ Բրոնի համայնքի մզկիթի պատերին, որը Լիոնից 10 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու դեպքերում էլ գրությունների տակ «կաթոլիկ աշխարհազոր» ստորագրությունն էր դրված: Այս փաստով դատախազությունը հետաքննություն է սկսել:
Պարբերականը իսլամաֆոբիայի բռնկումը կապակցում է Նիսում կատարված ահաբեկչության հետ: Հուլիսի 14-ի երեկոյան Բաստիլի գրավման տոնի կապակցությամբ հրավառության ժամանակ թունիսցի Մոհամեդ Լաուեժ Բուլելը բեռնատարով դուրս է եկել քաղաքի առափնյա տարածք, որտեղ այդ պահին մեծ քանակությամբ մարդիկ կային ու միտումնավոր կերպով մեքենան վարել մարդկանց ուղղությամբ: Բուլելին ոչնչացրել է ոստիկանությունը: Նրա գործողությունների հետեւանքով 84 մարդ է զոհվել: