Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 25 ամյակի առթիվ տոնական միջոցառումներ են տեղի ունեցել Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքում:
Բերձորում ևս մեծ շուքով նշել են ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ Արցախյան գոյամարտի նահատակ-հերոսներին նվիրված հուշահամալիրում ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհելուց հետո՝ Բերձորի Խաղաղության հրապարակում տրվել է տոնական միջոցառումները մեկնարկը:
Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի սաները ելույթներով ողջունել են ներկաներին՝ իրենց հայրենասիրական երգով ու ասմունքով հիշատակելով հայ քաջ զինվորների հիշատակը:
Շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանն իր ելույթում կարևորել է անկախության ձեռքբերումը, որը կայացել է մեր ժողովրդի մաքառումների, պայքարի մարտադաշտում հերոսանալու շնորհիվ:
«Դարեր շարունակ արցախցին փայփայել է կորցրոծ պետականությունը վերականգնելու, ազատ ու անկախ հայրենիք ունենալու երազանքները: Իրավամբ, Արցախյան գոյամարտը դարձել հայ ժողովրդի միասնականության ու ազգային ինքնագիտակցության զարթոնքի խորհրդանիշ»,- իր խոսքում մասնավորապես ասել է Ա. Մխիթարյան՝ անդրադառնալով նաև այս տարվա ապրիլյան ռազմական գործողություններին:
Տոնական միջոցառմանը մասնակցել են շրջանի ղեկավարությունը՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, բերձորցիներ, հարևան համայնքների բնակիչներ և այլք:
Օրվա ընթացքում տոնական միջոցառումներ են կայացել նաև շրջանի այլ բնակավայրերում: