Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Ինջիրլիկ» թուրքական ավիաբազա գերմանացի խորհրդարանականների պատվիրակության այցելության արգելքը կարող է շուտով վերացվել:
Թուրքիան շուտով կարող է վերացնել «Ինջիրլիկ» ավիաբազայի այցելության արգելքը. Մերկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել է dpa գործակալությունը:
Կանցլերը նշել է, որ «այդ հարցի վերաբերյալ առաջիկա օրերին կլինեն դրական նորություններ»:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել չինական Հանչժոու քաղաքում անցկացվող G20 վեհաժողովի ընթացքում: Ինչպես հայտնել են գերմանական կառավարական շրջաններում, զրույցի գլխավոր թեմաներն են դարձել փախստականների վերաբերյալ և սիրիական ճգնաժամի հետ կապված Անկարայի և ԵՄ-ի միջև պայմանավորվածությունները:
Թուրքիան հունիսի կեսին արգելել է գերմանացի պատգամավորների պատվիրակության այցը «Ինջիրլիկ» ավիաբազա: Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել է, որ եթե Թուրքիան թույլ չտա գերմանացի պատգամավորներին այցելել ավիաբազայում գտնվող գերմանացի զինծառայողներին, Գերմանիան կարող է հետ կանչել իր զինված ուժերը երկրից:
Reuters գործակալությունը, վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, հայտնել է նաև, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշումը կարող է ձեռք բերվել առաջիկա շաբաթների ընթացքում: