ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ` սեպտեմբերի 17-ին արցախյան պատմական մելիքանիստ Տող գյուղում տեղի կունենա Արցախյան գինու երրորդ փառատոնը:
Տող գյուղում կանցկացվի Արցախյան գինու երրորդ փառատոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում զբոսաշրջության վարչության ծրագրերի պատասխանատու Արտակ Գրիգորյանը նշել է, որ ծրագիրն իր մեջ ներառում է մի շարք մշակութային միջոցառումներ, որոնք միտված են էլ ավելի հետաքրքիր դարձնելու փառատոնի հյուրերի և մասնակիցների ժամանցը:
«Փառատոնը բաղկացած է լինելու մի քանի մասերից. արցախյան գինու և գյուղատնտեսական տոնավաճառներ, արվեստի և գորգագործության ցուցահանդեսներ, արցախյան գինեգործությանը նվիրված ցուցահանդես, համերգային ծրագրեր, ազգագրական պարերի ուսուցում, արդեն ավանդական դարձած գինու շշալցման արարողություն և այլն»,- ասել է Ա. Գրիգորյանը և ընդգծել, որ հյուրերին այս անգամ ևս սպասվում են հետաքրքիր անակնկալներ և ակտիվ ժամանցի ծրագրեր:
Ա. Գրիգորյանի խոսքով` փառատոնի մասնակիցների և հյուրերի տեղափոխումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Ստեփանակերտից Տող և հակառակ ուղղությամբ կազմակերպվելու է ավտոբուսների երթուղի. ավտոբուսի գինը` 1000 դրամ (ցանկացողները երկուշաբթի օրվանից տոմսերը կարող են ձեռք բերել Ստեփանակերտի տեղեկատվական կենտրոնից՝ Արմենիա հյուրանոցի դիմաց):
Արցախյան գինու փառատոնը ամենամյա համապետական միջոցառում է, որն իր հարկի տակ ընդունում է տասնյակ գինեգործների Արցախից և Հայաստանից, մշակութային տարբեր համույթների և հազարավոր հյուրերի: