Արցախի հերոս. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ անկախության տարիների ձեռքբերումներին և նշեց, որ ձեռքբերումներն, իհարկե, շատ են և մենք ունենք Արցախի հանրապետություն, որը համայն հայության շնորհիվ է:
Եթե անգամ Ադրբեջանը կրկնապատկի ու եռապատկի ռազմական բյուջեն, չի կարող հարց լուծել. Վիտալի Բալասանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հարցին, թե, ըստ նրա, այսօր զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկան փարատե՞ց արդյոք ապրիլյան պատերազմից հետո շատերի մոտ ձևավորված այն մտահոգությունը, թե մենք զենքի խնդիր ունենք, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Մենք մտավախություն ընդհանրապես չպետք է ունենանք: Մենք ունենք մարտունակ զորք, մենք ունենք իսկապես լավ կռվող զինվոր, պետք է ճիշտ ու նպատակային կազմակերպել և վարել այն մարտը, որը կապված է ազգային անվտանգության հետ։ Ես համոզված եմ, որ մենք միշտ էլ պատրաստ ենք եղել այդ հարցը լուծել»,-ասաց նա և նշեց, որ, լինելով զինվորական, ընդհանրապես համաձայն չէ, որ ապրիլյան դեպքերին եղել է ինչ-որ զենքի, զինամթերքի պակասություն։
«Մեզ մոտ մի փոքր անկազմակերպվածության խնդիր կա»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում ներկայումս հավասարակշռությունը Ադրբեջանի հետ, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Եթե ընդհուպ Ադրբեջանը կրկնապատկի, եռապատկի ռազմական բյուջեն և ունենա այլ զինատեսակներ, անգամ ատոմային ռումբ, դրանով չի կարող հարց լուծել: Ռուսաստանի Դաշնությունն ուներ ատոմային ռումբ, սակայն երկու չեչենական պատերազմները ցույց տվեցին, որ այդ գերհզոր զենքն ու տեխնիկան չէ, որ ամեն հարց լուծում է: Բացառված է, որ ղարաբաղյան հարցը կարողանան լուծել ռազմական ճանապարհով: Պետք է մեր բանակը, մեր ժողովուրդը ճիշտ կազմակերպված ունենա հզոր բանակ և ծառայի իր նպատակներին»,-ասաց նա և նշեց, որ ամեն մի բարձրաստիճան սպա պետք է իր պարտականությունները կատարի հարյուր տոկոսի չափով: