Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված՝ Բերձոր քաղաքում «Մեր լեռների պես» անվանմամբ հուշակոթող է բացվել:
ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված՝ Բերձորում հուշակոթող է բացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել տոնական միջոցառում: Միջոցառման մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան գոյամարտում մարտիրոսված հերոսներին նվիրված հուշահամալիրում: Ներկաներին ասմունքով, ռազմահայրենասիրական երգերով ողջունել են Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները:
Ելույթներով հանդես են եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, Արցախի ազատամարտիկների միության վարչության աշխատակազմի ղեկավար Էդիկ Խաչատրյանը և ուրիշներ, ովքեր կարևորել են օրվա խորհուրդը հայկական պետականության վերականգնման և պահպանման գործում:
Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որտեղ ապրիլյան պատերազմական իրադարձություններին մասնակից մոտ 60 կամավորականներ ստացել են մեդալներ, պատվոգրեր և թանկարժեք նվերներ:
Հուշարձանի հեղինակ, երիտասարդ քանդակագործ Հարություն Ամբարչյանը աղբյուրի հետ զրույցում նշել է, որ գրեթե մեկ տարի աշխատել է Երևանից բերված բազալտե քարի վրա:
«Հուշակոթողը խորհրդանշում է սահմանին կանգնած Հայոց բանակի զինվորին և արարող հայ բնակչին, ով պատրաստ է ցանկացած պահի բահը փոխել հրացանով ու շտապել առաջնագիծ»,- ասել է քանդակագործը:
Միջոցառմանը ներկա էին հյուրեր ՀՀ-ից ինչպես նաև զբոսաշրջիկներ՝ Ֆրանսիայից: