Հայաստանի Հանրապետության և Արցախի մարզիկներն երեկ Ստեփանակերտի N 6 դպրոցի մարզադահլիճում մասնակցել են Արցախի սամբոյի բաց առաջնությանը:
Ստեփանակերտում տեղի է ունեցել Սամբոյի Արցախի բաց առաջնություն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ կրթության գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը, ով նաև սամբոյի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, տեղեկացրել է, որ սամբոյի` Արցախի բաց առաջնությանը մասնակցում են Գյումրիի, Աբովյանի, Ստեփանակերտի, Եղվարդի, Նոր Հաճնի, Շուշիի և Արցախի «Դինամո» թիմերի 100-ից ավելի մարզիկներ, որոնց մեջ կան 2 աշխարհի չեմպիոն և 41 աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ:
«Այսպիսի մարզական միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, որովհետև դրանցով արմապնդվում են կապերը Հայաստանի և Արցախի մարզական կազմակերպությունների միջև և հնարավորություն են տալիս ի հայտ բերելու լավագույն մարզիկներին: Սա նաև ինչ որ տեղ ստուգողական առաջնություն է, որում մարզիկները կարողանում են լավ կողմերով իրենց դրսևորել աշխարհի և Եվոպայի առաջնություններից առաջ,- ասել է Ա. Դանիելյանը և ավելացրել,- Ի դեպ, առաջնությանը մասնակցող մարզիկները մրցում են 10 քաշային կարգերում»:
Սամբոյի Արցախի բաց առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, շնորհավորելով մարզիկներին և հյուրերին, մասնավորապես ասել է. «Այն հանգամանքը, որ մեր երկրում սպորտի ոլորտում օրեցօր բարեփոխումներ են կատարվում շատ ուրախալի փաստ է: Ամեն անգամ մասնակցելով այսպիսի առաջնությունների ու տեսնելով մեր մարզիկների հաջողությունները` բոլորս հպարտանում ենք, հատկապես երբ նրանց մեջ տեսնում ենք աշխարհի ու Եվրոպայի հաղթաց չեմպիոններ: Սիրելի մարզիկներ ես կարծում եմ` ձեր մեջ կլինեն ապագա չեմպիոններ: Ձեր քրտնաջան աշխատանքի և մարզումների շնորհիվ դուք կարող եք հասնել ամենաբարձր պատվանդանների: Յուրաքանչյուր հաղթանակած մարզիկի ձեռքբերում ողջ հայության հաղթանակն է»:
Առաջնությանը իր աջակցությունն է բերել արմատներով արցախցի ռուսատանաբնակ Արթուր Գրիգորյանը, ով Արցախի Սամբոյի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով:
Սամբոյի Արցախի բաց առաջնությանը ներկա էին ՀՀ և ԼՂՀ Սամբոյի ֆեդերացիայի նախագահները, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, երկրպագուներ: