Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի նախաձեռնությամբ և տեղի հայկական համայնքի օժանդակությամբ մի խումբ արտասահմանյան բժիշկների կողմից Ստեփանակերտում շարունակում են իրականացնել բնակչության անվճար խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքերում էլ կատարելով նաև վիրահատություններ:
Մեր համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. բժիշկ Վաչե Վասիլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Դենտեքս Դենտալ գրուպ» ատամնաբուժական կլինիկայում, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի հայազգի ատամնաբույժ Վաչե Վասիլյանի կողմից իրականացվում են բնակչության անվճար խորհրդատվություն և բուժում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ ինքը ևս Արցախ է եկել իր հայրենակիցներին աջակցելու և բնակիչներին անվճար բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։
«Անցած տարի մենք Հայաստանում էինք: Այս տարի մեզ հնարավորություն ընձեռվել այցելել Արցախ և բժշկական օգնություն ցուցաբերել մեր հայրենակիցներին: Տարբեր խնդիրներով հիվանդներ են դիմել մեզ: Ասեմ, որ ես հիացած եմ այս ատամնաբուժական կլինիկայի պայմաններից. անհրաժեշտ բոլոր սարքավորումները կան, մասնագետներն էլ արհեստավարժ են: Անկեղծ ասած, նույնիսկ մեզ մոտ չկան նման տիպի ատամնաբուժական կլինիկաներ,-անկեղծացել է Վ. Վասիլյանը և շարունակել,- մեր այցելությունները պարբերական բնույթ են կրելու. շատ կարևոր են մասնագիտական նման համագործակցությունն ու փորձի փոխանակումը»:
Ատամնաբույժի խոսքով՝ իրենք բերել են դեղամիջոցներ, որոնք ըստ հարկի անվճար տրամադրվելու են արցախցիներին:
Վ. Վասիլյանն ընդգծել է իրենց ամենակարևոր առաքելությունն ու նպատակը. «Մենք ուզում ենք, որ մեր «վայ» հարևաններն իմանան. յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ուզում է լինի, հոգով միշտ իր հայրենիքի հետ է՝ պատրաստ սատարելու, հարահաս լինելու իր հայրենակիցներին»: