Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակն ու Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները:
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Էրդողանին «Սիրիայում բարեհաջող անցկացվող ռազմական գործողության» համար:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:
Նախագահները քննարկել են նաև Հալեպում բախումների դադարեցման և բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հարցերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Այս տարվա ամռան սկզբին Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչից հետո սկսվել է երկու երկրների հարաբերությունների վերականգնման գործընթացը։