Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան և Ադրբեջան կայցելեն հոկտեմբերի վերջին տասնօրյակում:
ԼՂ հարցով միջնորդները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի վերջին տասնօրյակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել է ՄԽ-ի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, գրում է interfax.ru-ն:
«Մենք պատրաստվում ենք տարածաշրջան ժամանել հոկտեմբերի երրորդ տասնօրյակում: Կայցելենք Ադրբեջան, Հայաստան, կլինենք Ղարաբաղում: Ենթադրվում են հանդիպումներ ղեկավարության, զինվորականների հետ: Մտադիր ենք դիտարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասել է Պոպովն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկումներ կանցկացնեն բանակցային գործընթացի հեռանկարների վերաբերյալ՝ հաշվի առնելով առկա աշխատանքային առաջարկները:
«Կհստակեցնենք հակամարտության գոտում ռազմական դրությունը, որը մեր գնահատականներով՝ ապրիլյան դեպքերից հետո մինչև վերջին ժամանակներս մնում էր հարաբերականորեն հանգիստ»,- նշել է նա: