Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դարձել են Chatham House միջազգային մրցանակի դափնեկիր՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման հարցում ունեցած դերի համար:
Իրանի և ԱՄՆ-ի արտգործնախարարներն արժանացել են Chatham House մրցանակի՝ միջուկային համաձայնագրի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տարիներ շարունակ բանակցություններ վարող նախարարները մրցանակը ստացել են «21-րդ դարի միջազգային հարաբերություններում ամենադժվարհաղթահարելի դիվանագիտական փակուղիներից մեկի լուծման հարցում իրենց կարևոր դերակատարության համար», հայտնում է France-Presse գործակալությունը:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է Վիեննայում 2015 թվականի հուլիսի 14-ին: 2016 թվականի հունվարի 16-ին Իրանն ազատվել է երկրի դեմ սահմանված պատժամիջոցների մեծ մասից:
Միջազգային հարաբերությունների ոլորտում բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի ամենամյա մրցանակը շնորհվում է քաղաքական գործիչներին կամ կազմակերպություններին, որոնք Chatham House-ի անդամների կարծիքով՝ անցած տարվա ընթացքում առավել կարևոր ներդրում են ունեցել միջազգային հարաբերությունների բարելավման գործում: