Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է ազգային նահատակների ազգականների հետ հանդիպմանը, որի ընթացքում հայտարարել է, որ երկրում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ընթացքում ինքը ժողովրդից զատ այլ աջակից չի տեսել, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Իմ ընկերներն անգամ ասում են, թե շատ եմ ճնշում գյուլենականներին, ես էլ ասում եմ՝ ինձ հեքիաթ չպատմեք. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էրդողանը նաև նշել է, որ ոմանք դժգոհում են հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ չափից դուրս խիստ գտնվելու համար: «Երբեմն անգամ իմ ընկերներն են ասում, թե շատ եմ ճնշում գյուլենականներին: Այստեղից նորից ասում եմ. թեկուզ ընկերս էլ լինի՝ ինձ հեքիաթներ չպատմե՛ք»,- հայտարարել է Էրդողանը, հայտնում է Թերթ.ամ-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: