Այսօր Ստեփանակերտի Թումանյան փողոցում, մոսկվայաբնակ բարերար Վիտալի Սարգիսի Գրիգորյանցի կողմից հիմնադրված «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել պաշտպանության բանակի սպաների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը:
Ստեփանակերտում կայացել է բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանն Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մինաս քահանա Մովսիսյանը բնակելի շենքի հիմնարկեքի օրհնության կարգ է մատուցել, որից հետո կնքվել է հուշագիր:
«Արցախպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, նշել է, որ մոսկվայաբնակ բարերարը մինչ այդ էլ իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր: Նա առանձնապես մեծ ներդրում է կատարել ապրիլյան պատերազմից տուժած մարդկանց օգնության հարցում: «Ինչպես գիտենք, բնակարանաշինությունն Արցախի հանրապետու- թյան իշխանությունների որդեգրած քաղաքականու- թյան առաջնահերթու- թյուններից է: Այդ գործում մեծ օգնություն են ցուցաբերում մեր սփյուռքահայ հայրենակիցները: Նրանց թվում է նաև Վիտալի Գրիգորյանցն, ով այսօր իր հերթական նվերն է մատուցում արցախցիներիս,- ասել է Կ. Շահրամանյանը:
Նախարարի տեղեկացմամբ՝ շենքը լինելու է 9 հարկանի` ներառյալ նաև նկուղային հարկը, որը ունի բոլոր հարմարությունները և ծառայելու է որպես ապաստարան:108 բնակարան ունեցող այս շենքի 90 բնակարանը երկսենյականոց է, 18-ը` երեքսենյականոց: Բնակարանները ապահովված են լինելու բոլոր կոմունալ հարմարություններով: Շենքն իր ճարտարապետական տեսքով համահունչ է մեր հայկական շինարարության ոճին: Այն երեսապատվելու է տեղական շինանյութերով: Նորակառույցը լրիվությամբ համապատասխանելու է սեյսմակայուն շինարարության նորմերին: Մասնագետների կողմից արձանագրվել են հիմքի հողային աշխատանքները. առաջիկայում էլ պետք է իրականացվի բետոնային աշխատանքները»:
Մոսկվայաբնակ բարերար Վիտալի Գրիգորյանցը, ում հայրը Շահումյանից է, մեզ հետ զրույցում նշել է, որ ինքը միշտ հայ է զգացել իրեն և իր հայրենասիրական պարտքը իր ժողովրդի նկատմամբ աշխատում է կատարել:
«Սա Արցախում իմ առաջին ներդրումը չի լինելու. այն կրելու է շարունակական բնույթ: Ես միշտ ձգտելու եմ իմ որդիական նպաստը բերել իմ հայրենիքի շենացման ու բարգավաճման գործին: Ապրիլյան այն մահաշունչ օրերին կորցրել ենք շատ զինվորներ. մենք այս շենքը կառուցում ենք հենց նրանց ընտանիքների համար: Առաջին շենքի ավարտին կհաջորդի երկրորդը»,- ասել է Վ. Գրիգորյանցը:
Կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք և այլք: