Գրող Աշոտ Բեգլարյանը անցել է «Բաց Եվրազիա» 5-րդ միջազգային մրցույթի «Գրական ստեղծագործություն» կատեգորիայի եզրափակիչ փուլ:
Արցախցի գրող Աշոտ Բեգլարյանն անցել է «Բաց Եվրազիա» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցույթի ժյուրին բարձր է գնահատել նրա «Կենարար ծիծաղը» փիլիսոփայական պատմվածքը:
«2016 թվականին «Գրական ստեղծագործություն» կատեգորիայում ներկայացվել է 40 երկրների ներկայացուցիչների 1400 աշխատանք: Ժյուրիի ընտրությունը բարդ էր, այդ պատճառով եզրափակիչ փուլ անցավ 55 մասնակից: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 26-ին մրցանակաբաշխության արարողության ժամանակ, «Բաց Եվրազիա» փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա Լոնդոնում նոյեմբերի 25-ից 28-ը», – նշվում է մրցույթի կազմակերպիչների մամլո-հաղորդագրությունում:
Ստեփանակերտցի Աշոտ Բեգլարյանը միակն է Արցախից և Հայաստանից, ով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակիչ են անցել նաև Իսրայելի, Սերբիայի, Նիդեռլանդների, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի ներկայացուցիչները:
Աշոտ Բեգլարյանը մի շարք ռուսական և ուկրաինական գրական և լրագրողական մրցույթների դափնեկիր է, «Տարվա գրող» ռուսաստանյան ազգային մրցանակաբաշխության նոմինանտ, մի քանի գեղարվեստական և հրապարակախոսական գրքերի հեղինակ, որոնք հրատարակվել են տարբեր երկրներում, թարգմանվել մի շարք լեզուներով:
Նշենք, որ Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968 թվականին, Ստեփանակերտում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Տպագրվում է 19 տարեկանից։ Ստեղծագործում է հիմնականում ռուսերեն։ Ա. Բեգլարյանի պատմվածքներն ու ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակչություններում Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկասկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում,Ուկրաինայում, Բելառուսիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայումև այլն։
Աշոտ Բեգլարյանը հանդիսանում է տասնյակ գրքերի թարգմանիչ և խմբագիր։Ռուսաստանյան ազգային գրական «Տարվա գրող» 2015 և 2016 թվականների մրցանակի դափնեկիր է: