1946 թվականին Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օր է հռչակել՝ ի հիշատակ չեխ հայրենասեր ուսանողների:
Նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1939 թվականի հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողներն ու նրանց դասախոսները ցույցի էին դուրս եկել՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը (1918 թվականի հոկտեմբերի 28): Զավթիչների ստորաբաժանումները ցրում են ցույցը, որի ընթացքում սպանվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը:
1939 թվականի նոյեմբերի 15-ին ուսանողի հուղարկավորությունը կրկին բողոքի ակցիայի է վերածվում, տասնյակ ցուցարարներ ձերբակալվում են: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Ավելի քան 1200 ուսանողներ ձերբակալվում եւ համակենտրոնացման ճամբար են ուղարկվում: 9 ուսանողի եւ ուսանողական շարժման ակտիվիստների առանց դատաստանի մահապատժի են ենթարկում: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բուհերը մինչեւ պատերազմի ավարտը փակվում են:
Այսօր տոնը նշում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Եվ չնայած տոնական միջոցառումների ծրագրերը տարբեր են, այնուամենայնիվ, տոնը մեծ տարածում ունի ուսանող երիտասարդության շրջանում: