Վատիկանում նոյեմբերի 19-ին նոր կարդինալների նշանակման արարողություն է տեղի ունեցել:
Ֆրանցիսկոս պապը 17 նոր կարդինալ է նշանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կաթոլիկ եկեղեցու կարևորությամբ երկրորդ կոչմանն են արժանացել 17 հոգևորական Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից, Ամերիկայից և Օվկիանիայից:
Ինչպես հայտնում է DW.com-ը, առաջին անգամ կարդինալի կոչում են ստացել Բանգլադեշը, Պապուա Նոր Գվինեան, Մալայզիան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը և Լեսոտոն ներկայացնող հոգևորականները:
Դիտորդներն այս ընտրությունը դիտարկել են որպես Ֆրանցիսկոս պապի` կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում ամրապնդելու ձգտման հերթական ապացույց:
Կարդինալների շարքերը համալրել են 5 եվրոպացի, 4 ասիացի, 3 աֆրիկացի, 3 լատինամերիկացի, ինչպես նաև 2 ամերիկացի եպիսկոպոսներ։
Ֆրանցիսկոս պապը նոր կարդինալներին է հանձնել իրենց նոր կոչման խորհրդանիշները` կարմիր գլխարկը և կարդինալի մատանին: Վերջիններս էլ հավատարմության և հնազանդության երդում են տվել Հռոմի պապին:
Սա երրորդ նշանակումն է Ֆրանցիսկոս պապի օրոք: