Աշնանացան աշխատանքները խթանելու համար ԼՂՀ կառավարությունը պետական աջակցության շրջանակներում այս տարի,
Աշնանացանի համար աջակցություն կստանան ԳԳԱ հիմնադրամի հանդեպ պարտավորություններ չունեցող հողօգտագործողները
Աշնանացան աշխատանքները խթանելու համար ԼՂՀ կառավարությունը պետական աջակցության շրջանակներում այս տարի, բացի հատկացվող դիզվառելիքից, համայնքային վարչական տարածքներում գտնվող սեփականաշնորված հողերի մեկ հեկտարի հաշվով հողօգտագործողներին կտրամադրի մինչև 80 հազար դրամ անտոկոս մեկ տարվա փոխառություն, իսկ համայնքի վարչական սահմաններում գտնվող վարձակալած հողերի մեկ հեկտարի հաշվով՝ մինչև 50 հազար դրամ, վեց տոկոս տոկոսադրույքով մեկ տարվա փոխառություն:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ աջակցություն կտրամադրվի նաև պետական պահուստային հողերը վարձակալած հողօգտագործողներին՝ մինչև 10 հեկտարի չափով հողերի դեպքում մինչև 50 հազար դրամ փոխառություն՝ վեց տոկոս տոկոսադրույքով, մեկ տարի ժամկետով:
Ա. Խաչատրյանի խոսքով, նշված հայտերը բավարարելուց հետո վարչակազմի ղեկավարների միջնորդությամբ հնարավոր կլինի բավարարել նաև ավելի մեծ վարձակալների հայտերը: «Վարչապետի հանձնարարությամբ, նախատեսվող աջակցություններից կարող են օգտվել նաև բոլոր այն հողօգտագործողները, ում «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հանդեպ նախկինում ունեցած պարտավորությունները երկարաձգվել են»,-ասաց Ա. Խաչատրյանը: