Artsakhpress

Քաղաքական

Սիրիացի փախստականները Լեռնային Ղարաբաղում. գերմանական ռադիոյի անդրադարձը

Գերմանիայի Դաշնային հանրապետության պետական ռադիոն անդրադարձել է Արցախում հաստատված սիրիահայերին, և իր կայքում «Սիրիացի փախստականները Լեռնային Ղարաբաղում, նոր կյանք պատերազմից այն կողմ» վերտառությամբ հոդված է հրապարկել:

Սիրիացի փախստականները Լեռնային Ղարաբաղում. գերմանական ռադիոյի անդրադարձը

Սիրիացի փախստականները Լեռնային Ղարաբաղում. գերմանական ռադիոյի անդրադարձը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոդվածի հեղինակ լրագրող Նաոմի Կոնրադն անձամբ է այցելել Արցախ և տեղում հանդիպել սիրիահայերին, ծանոթացել նրանց կենցաղին ու ապրելու պայմաններին: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

«Քաղաքացիական պատերազմից դեպի կոնֆլիկտային շրջան՝ սիրիացի փախստականների ընտանիքները Լեռնային Ղարաբաղում կառուցում են իրենց համար նոր կյանք: Բնակեցնելով սիրիացիներին Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստեղծում է նոր իրավիճակ այն շրջանում, որի նկատմամբ պահանջ է ներկայացնում հարևան երկիրը», - այսպիսի նախաբանով է սկսվում Արցախում սիրիացի փախստականների կյանքը ներկայացնող հոդվածը:

Լեռնային Ղարաբաղի հարավ - արևմուտքում գտնվող Իշխանաձոր գյուղում իր բնակությունն է հաստատել սիրիահայ Հայկ Խաչատրյանը: Փոքրիկ խոհանոցի միջով նա մեզ ուղեկցում է դեպի հյուրասենյակ: Անկյունում նկատելի են արաբերեն լեզվով մի քանի դասագրքեր՝ Սիրիայի իր նախկին կյանքից վերջին հիշողությունները՝ իր կողմից ղեկավարվող կլինիկայից, իր սեփական մեծ տնից, իր բազմաթիվ ընկերներից և բարեկամներից»:

«Ես իմ կլինիկայում աշխատում էի, երբ ԻՊ զինյալներն ինձ համար անսպասելիորեն ներխուժեցին: Նրանք ինձ հարցրեցին՝ արդյո՞ք ես քրիստոնյա եմ, թե՝ ոչ: Տեղեկանալով, որ քրիստոնյա եմ, ինձ 4,5 ժամ գերության մեջ պահեցին՝ պահանջելով ընդունել իսլամը, իսկ հակառակ պարագայում սպառնում էին գլխատել», - պատմում է Հայկը:

Չնայած նրան, որ հայ քրիստոնյան հրաժարվել է փոխել իր կրոնը, զինյալները նրան բաց թողեցին: Այդ դեպքից անմիջապես հետո նա հավաքել է իր ճամպրուկները և երեք դուստրերի հետ միասին տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Այստեղ նա աշխատում է գյուղի հիվանդանոցում: Իշխանաձորում նրանց հետ միասին ապրում են Սիրիայից գաղթած 20 ընտանիքներ:

Կյանքն օրից օր

25 տարուց ավել է, ինչ խրամատներում դեմ առ դեմ տեղակայված են բանակները: Այս տարվա ապրիլ ամսին չորս օրով սրվեց հակամարտությունը՝ վերածվելով պատերազմի: Շատերի հետ Հայկ Խաչատրյանը ևս, կամավոր առաջնագիծ է մեկնել:

Ինչու՞ է նա եկել հենց այս միայնակ հողակտորն, այլ ոչ թե ԱՄՆ կամ Եվրոպա, ինչպես իր շատ ու շատ ընկերները:

«Խնդիրնե՞ր: Ոչ, ես չեմ զգում դրանք: Մենք այստեղ ապրում ենք պարզապես օրից օր, իսկ պետությունն աջակցում է մեզ: Եկողներին կառավարությունը տրամադրում է անձնագիր և տուն: Այստեղ, ի տարբերություն եվրոպական երկրների, չենք ապրում աֆղանցիների կամ պակիստանցիների հետ մեկտեղ՝ փախստականների հանրակացարաններում: Այստեղ մարդը չի վախենում, իսկ աշխատելու պարագայում կարելի է լավ կյանք ունենալ», - շարունակում է Հայկ Խաչատրյանը:

Բլուրների միջև ընկած փոքրիկ Իշխանաձոր գյուղում փախստականների ներկայությունը նկատելի է. լիբանանցի ձեռնարկատերը կառուցում է բենզալցակայան, մյուսը նախատեսում է փոքրիկ հյուրանոց կառուցել, իսկ մյուսները տներն են վերանորոգում:

ԼՂՀ կառավարությունը ծրագրվա՞ծ է բնակեցնում սիրիացիներին

Մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող ԼՂՀ կառավարության շենքում՝ իր աշխատասենյակում, մեզ դիմավորում է Արտակ Բեգլարյանը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի 28-ամյա խոսնակը: Ներկա դրությամբ այստեղ ապրում են 100 սիրիացի, բոլորը հայ քրիստոնյաներ են, - ծիծաղը երեսին տեղեկացնում է մեզ Արտակ Բեգլարյանը: Բայց հենց սկսվում են վիճելի տարածքների վերաբերյալ հարցերը, նա իսկույն լրջանում է. «մենք չենք բանակցում տարածքների շուրջ: Մեր Սահմանադրության մեջ բավականին հստակ նշված է, որ բոլոր տարածքները մեզ են պատկանում: Այս երկերը մերն է, և սա մեր իրավունքն է»:

Արդյո՞ք Կառավարությունը ծրագրված է բնակեցնում սիրիացիներին վիճելի շրջաններում:

«Մենք ձգտում ենք բնակեցնել Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջանները, որոնք ունեն տնտեսական և սոցիալական կարևոր նշանակություն: Բայց առանց այդ մարդկանց (նոր բնակիչների) նույնպես այս հողը մերն է»,- ասել է Բեգլարյանը»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search