Անգլիական «Լիվերպուլի» լեգենդ Դիտմար Համանը կարծում է, որ վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հաջող ելույթներում վճռորոշ դերակատարություն ունի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ավելի մեծ հարգանքի է արժանի դրա համար:
Լիվերպուլի լեգենդ. Մխիթարյանն արժանի է ավելի մեծ հարգանքի, նա օգնեց ձևավորել ՄՅՈւ-ի խաղաոճը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մխիթարյանն առանցքային դեր է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» ճակատագիրը բեկելու մեջ: Նա մեծագույն դերակատարություն է ունեցել Պրեմիեր լիգայում նոյեմբերի վերջից` աչքի ընկնելով «Սանդերլենդի» հետ խաղում, ինչպես նաև հաղթական գոլ խփելով «Տոտենհեմի» դարպասը:
Միկին արտակարգ է խաղում Իբրահիմովիչի հետ և օգնել է ձևավորել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճը:
Մանչեսթերցիներն այժմ այլ հրեշի տեսք ունեն: Նրանք իսկապես համախմբվել են: Անկասկած, նրանք ունեն ամենատաղանդավոր կազմը Պրեմիեր լիգայում:
«Յունայթեդը» թիմում հաղթողներ ունի և այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են տարբերություն ստեղծել` Իբրահիմովիչը, Մխիթարյանը, Պոգբան: Նույնիսկ Մատան և Ռեշֆորդը դաշտ դուրս գալուց կարող են մեծ ազդեցություն ունենալ: «Լիվերպուլը» չի կարող դիմակայել նրանց»,- գերմանացու խոսքը մեջբերում է «metro»-ն: