Ապրիլյան պատերազմում, հայկական բանակը, հատկապես ԼՂՀ ՊԲ-ն իր առջեւ դրած խնդիրը կատարել է:
Ապրիլյան պատերազմից բանակը համապատասխան վերլուծություններ անում է հետագա դասերի համար. Սեյրան Օհանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմին եւ 800 հա տարածքի կորստին:
«Հայկական բանակն իր առջեւ դրած խնդիրը կատարել է ի հաշիվ բանակի հրամանատարների, զինվորների անձնուրացության, մարտավարական տարբեր հնարքների կիրառման եւ ի հաշիվ ողջ հայ ժողովրդի համախմբման, հատկապես կամավորականների ներգրավման, որոնք Պաշտպանության բանակի կողքին կանգնած են եղել եւ կերտել են այդ հաղթանակը:
Ապրիլյան պատերազմի մասին կարելի է երկար խոսել, բայց կուզեմ ասել հետեւյալը. այդ ամենը բերել է համապատասխան վերլուծության զինված ուժերի ղեկավարության եւ ընդհանուր առմամբ ղեկավարության համար, որտեղ նշվել է եւ մեր դրական, եւ բացասական կողմերը: Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս կա բաց կողմ, որի մասին կարող ենք բարձրաձայնել, դա մեր հաղթանակն է: Իհարկե, որպես զինվորական կա փակ կողմ, որտեղ զինվորական կառույցի ղեկավարները համապատասխան վերլուծություններ անում են հետագա դասերի համար: Եթե այդ վերլուծություններին մասնակից դարձնեն ինձ, ես պատրաստ եմ իմ փորձը կիսել»,-ընդգծեց նա: