Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ նախատեսում է երկրի շուրջ 40 նահանգում քարոզարշավ իրականացնել:
Էրդողանը հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ կիրականացնի 40 նահանգում
Քարոզարշավի ընթացքում Էրդողանը, մասնավորապես, կայցելի երկրի խոշոր քաղաքներ` Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Բուրսա, Անթալիա, Ադանա, Էրզրում, Դիարբեքիր, Վան և այլն: Բացի նահանգներ այցելելուց, Թուրքիայի նախագահը կմասնակցի հեռուստատեսային հաղորդումների` ներկայացնելու նախատեսվող փոփոխությունների էությունը:
Թուրքիայի մեջլիսը հավանություն է տվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կողմից առաջարկված սահմանադրական փոփոխություններին, որոնք բաղկացած են 18 կետից: Սահմանադրական փոփոխություններով երկիրն անցնում է կառավարման նախագահական համակարգի:
Մեջլիսում փոփոխությունների առաջարկի անցկացումը հնարավոր է եղել միայն ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության աջակցության միջոցով:
Խորհրդարանի հաստատումից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո այն կդրվի հանրաքվեի: Հանրաքվեն նախատեսվում է իրականացնել ապրիլի առաջին կեսին: